ԱԱԾ-ը բացահայտել է կաշառք ստանալու հերթական դեպքը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, բացահայտել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք:

ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայության տեղեկացմամբ, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Առինջի համայնքապետարանի պաշտոնատար անձինք, նույն համայնքում գտնվող հողատարածքը քաղաքացու անվամբ գրանցելու, կադաստրային ձևակերպումներ կատարելու գործընթացում իրենց լիազորությունների սահմաններում գործողություններ կատարելու պատրվակով, նշված քաղաքացուց 2016 թ. պահանջել և որպես կաշառք առձեռն ստացել են 3 784 000 ՀՀ դրամին համարժեք 8 000 ԱՄՆ դոլար գումար: Արդյունքում նշված հողատարածքը համայնքապետարանից անցել է նշված քաղաքացու տնօրինմանը:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` համապատասխան հոդվածների հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: