Նախիջևանի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ-ն ունեցել է ռազմական տեխնիկայի նմուշների ավելացում. ԶՈՒ ԳՇ պետ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը վերջին ամիսների ընթացքում մեծ աշխատանք է իրականացրել հենակետերի ամրապնդման, ճանապարհային ցանցերի լայնացման ու զարգացման ուղղությամբ, ինչը թույլ է տալիս կրճատել ժամանակը զորքերի տեղաշարժի համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին 2019 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

«Առանձին տեղերում տեղաշարժերի արդյունքում ունեցանք հենակետերի օպտիմալացում, որի շնորհիվ որոշակի հենակետերի զինծառայողներ ծառայությունը կազմակերպում են մեկ կետից՝ ավելի մեծ ուժերով»,- ասել է Դավթյանը:

Նա տեղեկացրել է, որ Նախիջևանի ուղղությամբ ՀՀ զինված ուժերն անցնող տարում ունեցել է սպառազինության, ռազմական տեխնիկայի որոշակի նմուշների ավելացում: «Սա մեզ թույլ է տալիս ասել, որ այս ուղղությամբ մարտական հենակետերի համակարգում մենք վատացում չենք ունեցել, ունեցել ենք որոշակի բարելավում, որը մարտավարական բնույթ է կրել»,- նշել է գլխավոր շտաբի պետը:

Նա հավելել է, որ թեպետ Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ, որպեսզի ուժեղացնի Նախիջևանի համազորային բանակը, հայկական կողմը համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում՝ թույլ չտալու հակառակորդին Նախիջևանի կողմից ունենալու սպառազինության գերակայություն: