Եթե կարելի է, ուրեմն կարելի է բոլորին, եթե չի կարելի, ուրեմն չի կարելի բոլորին. վարչապետ

Այսօր կառավարության հերթական նիստում ընդունվեց Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին որոշման նախագիծը, որը ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը նշեց, որ իրենք առաջարկ են ներկայացրել, որպեսզի ոստիկանությանն էլ հնարավորություն տան գնման գործընթացների արդյունքում տարվա տնտեսված միջոցներից կատարել մի շարք ծախսեր, օրինակ՝ ծառայողներին բնակվարձով ապահովել: Նա ընդգծեց, որ այդպիսի հնարավորություն տրվել է ՊՆ-ին ու Ազգային անվտանգության ծառայությանը:

Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանեց. «Եթե կարիքներ ունեք, որ պետք է հոգալ, դա պետք չէ կապել գնումների գործընթացների տնտեսումների հետ, քանի որ եթե տնտեսումներ չլինեն, ձեր կարիքները չեն դադարելու»:

Վարչապետը հարց բարձրացրեց, թե ո՞րն է տրամաբանությունը․ դա կարող է անել ՀՀ Ազգային ոստիկանության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունը, բայց չի կարող Ոստիկանությունը։ Նախարարը պատասխանեց, որ ինքն ևս բացառությունների կողմնակից չէ, բայց գնումների գործընթացում կան այդպիսի բացառություններ:

Վարչապետը կոչ արեց սուբյեկտիվիզմից հեռանալ: «Թե ով ում հետ ինչ հարաբերություն է ունեցել, ով ում ինչից է նեղացած եղել, այդ տրամաբանությունից պետք է դուրս գալ, եթե կարելի է, ուրեմն կարելի է բոլորին, եթե չի կարելի, ուրեմն չի կարելի բոլորին»,- ասաց նա և նշեց, որ պետք է բոլորի դեպքում կառավարությունում այդ հարցերը քննարկվեն:

«Պետք է սկզբունքներ որդեգրենք, դրանցով աշխատենք: Այս քննարկմանը հետևում են մարդիկ և կողքից նայում, ասում են, որ ԱԱԾ տնօրենը և պաշտպանության նախարարը կարողացել են, ոստիկանության պետը չի կարողացել: Ոչ մեկն էլ չի կարողացել, հանում ենք երեքը, կառավարությունը կորոշի»,- ասաց վարչապետը:

Պարոն Ջանջուղազյանը հարցրեց՝ մյուս կարգավորումներո՞վ է այդպես առաջնորդվում, վարչապետը հաստատեց: «Ես զարմանում եմ Ձեր զարմանքի վրա, բա ի՞նչ ենք խոսում այս տարի ու կես»,-ասաց վարչապետը: