Սորոսը խժռում է Հայաստանի պետական անվտանգությունը

Փողոցի ճնշմամբ իշխանության եկավ մի թիմ, որը ո՛չ պետության զարգացման ծրագիր ունի, ո՛չ  ռազմավարություն, ոչ էլ առհասարակ գաղափարախոսություն:  Բայց ինչպես լինում է նման դեպքերում՝ «սուրբ տեղը դատարկ չմնաց» ու լցվեց արտաքին ուժերի պատվերներով, նրանց  թելադրած ծրագրերով,  ռազմավարությամբ: Այսօր այն, ինչ իրականացնում է ներկայիս իշխանությունը, ոչ մի առնչություն չունի մեր ժողովրդի ցանկությունների, նպատակների հետ:  Փաշինյանն անգամ մոռացել է այն բոլոր խոստումների մասին, որ այդպես վարպետորեն շռայլում էր «հեղափոխության» օրերին:

Հիշում եք, չէ՞,  թե ինչեր էր խոստանում հեղափոխական գործիչը բոլոր հարթակներից. հեռացնել արագաչափերը, վերացնել  կարմիր գծերը, կուտակային համակարգը, կեցցե՛ արդար դատարանը,  ոչնչացնել կոռուպցիան… Մեկ ու կես տարի անց ո՛չ արագաչափերը վերացան, ո՛չ կարմիր գծերը ջնջվեցին,  ո՛չ կուտակային համակարգը չեղարկվեց: Իսկ դատավորներին տրվող  հրահանգների մասին վկայում են համացանցում պտտվող հեռախոսային գաղտնալսումները: Կոռուպցիայի վերացման մասին էլ դեռ միայն լսում ենք, բայց իրականությունն այլ է. կոռուպցիան մի նոր ու ժամանակակից որակով ծաղկում է իշխանության վերին էշելոններում: Ի վերջո, կոռուպցիան միայն կաշառակերությունը կամ կաշառատվությունը չէ, այլ հանրության շահերը կամ հանրային ունեցվածքը  սեփական շահերին  ծառայեց­նելը: Իսկ դա մեծ ծավալների է հասնում այս իշխանության թիմում ու հե՛նց Փաշինյանի ընտանիքում: Արդյո՞ք աղջկա՝ Մարիամ Փաշինյանի համար բյուջեի հաշվին 27 հազար դոլար արժողությամբ մեքենայի գնումը հանրության ունեցվածքը սեփական շահերին  ծառայեց­նել չէ: Իսկ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամի շուրջ պտտվող լուրե՞րը. բազմիցս է գրվել, որ տիկինը կառավարության շենքում գործարարների հետ հանդիպումներ է կազմակերպում ու բիզնեսից «փայեր» վերցնում…

Մանիպուլյացիա, պոպուլիզմ, կեղծիք. սրանք են ներկայիս իշխանության գործիքակազմերը: Իշխող թիմը՝ վերից վար, վարակված է պոպուլիզմով: Գործադիրից մինչև օրենսդիր լսում ենք ժողովրդի անունից հնչող հայտարարություններ, իրենց ցանկացած գործողություն ներկայացնում են իբրև «ժողովրդի պահանջ»: Բայց մինչև ուր… պոպուլիզմով, ականջահաճո խոսքերով չես կարող երկիր կառավարել: Իսկ գուցե այս իշխանության նպատակն ամենևին էլ կառավարելը չէ, այլ կազմաքանդե՞լը:

Ամեն դեպքում փաստերը ցույց են տալիս, որ Փաշինյանի կառավարության քայլերում չկա տրամաբանվածություն: Կա ընդամենը մեկ օրվա համար հանրային աղմկոտ քննարկման թեմա հորինելու և այն արագ շրջանառության մեջ դնելու ձգտում՝ մեկ հոդվածի ցնցող վերնագրի տարբերակով: Տպավորություն կա, որ մի ամբողջ իշխանական թիմ աշխատում է «Ֆեյսբուքում» վարչապետին գովաբանելով, մեկ էլ զոր ու գիշեր մտածում հերթական հանրային ցնցում կամ շոկ ստեղծելու մասին: Մեկը մյուսին  հաջորդող ձերբակալությունները, հարուցվող քրեական գործերը հենց այս նպատակին են ծառայում: Սա է վարչապետի ու, առհասարակ, այս քաղաքական թիմի գործելաոճը:

Փաշինյանի համար հակահեղափոխականների պակաս չկա, բոլոր նրանք, ովքեր կքննադատեն իր ձախողված քաղաքականությունը՝ կորակվեն  հակահեղափոխականներ: Բայց վերջերս այդ ցանկը համալրեց մի ամբողջ համակարգ. Փաշինյանը հակահեղափոխական հռչակեց պետական համակարգը. «Ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է», ու  սպառնաց՝ այդ դիմադրությունը  ջարդելու է: Եղածը ջարդել-փշրելը, իհարկե, այս իշխանության գործելաոճն է, բայց ո՞ւմ վրա էր «մուննաթ» գալիս վարչապետը: Հարց է առաջանում՝ ո՞վ է պատասխանատու պետական համակարգի անարդյունավետ գործունեության համար, եթե ոչ՝ օրվա իշխանությունը: Հետևաբար, եթե համակարգն արդյունավետ չի աշխատում, միակ մեղավորն իշխանությունն է: Եվ ուրեմն, վարչապետի հայտարարության հասցեատերը նախ սեփական քաղաքական թիմն է, և, ի վերջո՝ հե՛նց ինքը, որպես անկարող ղեկավար:

Իսկ «թշնամիների» ու հակահեղափոխականների փնտրտուքն ամենևին  ինքնանպատակ չէ: Մի բան փաստ է, երբ կա ներքին թշնամի կամ հակահեղափոխական, ուրեմն կարելի է նրա վրա  բարդել բոլոր չարված գործերը,  բոլոր մեղքերը, սեփական ձախողումները, ի վերջո, պետության ձախողումը… Եղած փաստերը՝ տնտեսական, սոցիալական կյանքի տխուր պատկերը, ազգային արժեքների փոշիացումը վկայում են այն մասին, որ վտանգված է մեր երկրի տնտեսական, քաղաքական, ազգային, մշակութային ողջ համակարգը: Փլուզված է քաղաքացիական հասարակության ողջ ինստիտուտը. այն չի պատկանում, այլևս, Հայաստանի Հանրապետությանը, այն դրսից է կառավարվում:

Երկար ժամանակ է իշխանության թիմում կռիվ էին տալիս  սորոսականներն ու ոչ սորոսականները: Հիմա արդեն կարող ենք վստահաբար ասել, որ հաղթանակը իշխանության սորոսական թևինն է, որը զբաղված է Հայաստանը մեջ-մեջ անելով ու պետականաքանդ գործունեությամբ: «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» կոչվող  Սորոսի գրասենյակը  մեր պետականության թիվ մեկ թշնամին  է: Ու այդ թշնամին իր ողջ գործակալական ցանցով այսօր տիրապետում է իշխանական լծակներին, օրակարգ է թելադրում: Հաճախ եմ լսում կարծիքներ, թե հարկավոր է սորոսականների ձեռքից փրկել Փաշինյանին, որն ամբողջությամբ նրանց թելադրանիքի տակ է հայտնվել: Բայց միամտություն է այդպես կարծելը, քանի որ Փաշինյանն ինքնակամ է հանձնվել նրանց, հետևաբար, ինքնախաբեություն է նրան սորոսականներին հակադրելը:

Սորոսական ռեսուրսը, որը փոքր չէ, ներթափանցել է թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր, տարածվել պետական համակարգով մեկ: Օրերս կարկառուն սորոսականներից մեկին Փաշինյանը սիրով գործուղեց Հանրային խորհուրդ: Նաև այդ դաշտը  «սորոսացվեց»:

Տարիներ շարունակ Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող կառույցներն արել են հնարավորը՝ մեր պետության անվտանգության գլխավոր կառույցները թուլացնելու, վարկաբեկելու համար: Նրանց պայքարն ուղղված է եղել, մասնավորաբար, Հայոց բանակի դեմ: Հիշենք, թե ինչպիսի ակտիվությամբ էին սաքունցները փորձում իրենց «քիթը խոթել» բանակի ներքին գործերի մեջ: Կամ ինչպիսի փութաջանությամբ սկսեցին պայքարել «Ազգ-բանակ» հայտնի հայեցակարգի դեմ, ինչի նպատակը մեկն էր՝ նպաստել մեր զինված ուժերի ամրացմանը: Մինչդեռ  սորոսյան խողովակներից 20 000 դոլար դրամաշնորհ ստացած «Հանրային օրակարգ» հկ-ի անդամները  թևքները քշտած լծվեցին երկրի պաշտպանունակությունն ամրապնդող գաղափարն արժեզրկելու, վարկաբեկելու անպատվաբեր գործին:

Սորոսականների թիրախում  հայտնված ուժային կառույցներից է նաև ԱԱԾ-ն: Վերջերս  սորոսիստ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները ԱԱԾ-ի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել: Սլաքն ուղղված է նաև ՀՀ ոստիկանությանը: Նշանառության տակ է Սահմանադրական դատարանը, և այդպես մինչև Զինված ուժեր…Նպատակը պարզ է՝ Հայաստանը չպետք է ունենա պետական անվտանգությունը պաշտպանող հզոր կառույցներ:

Եթե նախկինում սորոսականների դեմ քիչ թե շատ կար դիմադրություն, ապա այսօր Փաշինյանի ձեռքով նրանց առաջ բաց են բոլոր դռները: Այն արտաքին ուժերը, որոնք    հովանավորեցին և Փաշինյանի ձեռքով իրականություն դարձրեցին մեկ ու կես տարի առաջ կատարված  հեղաշրջումը, այսօր  տիրոջ իրավունքով կառավարում են Հայաստանը:

Սորոսական որոմը հոշոտում է հայկական պետական համակարգը:

Արմինե Սիմոնյան