Բակո Սահակյանի վճռական խոսքը` Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի ողջ ղեկավարությանը և աշխարհին (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ասել է, որ պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները մնում են անփոփոխ, և որ Արցախի համար չի կարող լինել վերադարձ անցյալին` լինի դա կարգավիճակի թե սահմանների առումով: Այսինքն` Արցախի Հանրապետությունն այլևս երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում ուղղահայաց ենթակայությամբ ու ցանկացած կարգավիճակով, Արցախի սահմաններն էլ մնալու են անփոփոխ այն առումով, որ բացառվելու է ԱՀ տարածքների որևէ մասի հանձնումն Ադրբեջանին

Ընդգծենք, որ Արցախի սահմանների մեջ մտնում են նաև մեր հայրենիքի ազատագրված տարածքները:

Եվս մեկ կարևոր ընդգծում. ԱՀ նախագահը այս խոսքն ասել, Արցախի թե՛ կարգավիճակի, թե՛ սահմանների առումով որևէ զիջում բացառող արցախցիների հստակ, միանշանակ ու վճռական դիրքորոշումն արտահայտել ու վերահաստատել է Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում, որին մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և ուրիշներ:

Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել Փաշինյանի, Միրզոյանի և Սարգսյանի դեմերեսին ասել այն, ինչը Հայաստանի ղեկավարների համար պետք է միանշանակ պարզ լիներ ու հենց նրանց կողմից հայտարարվեր, իսկ եթե Բակո Սահակյանի խոսքի հասցեատերը նրանք չեն, այլ արտաքին աշխարհը, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա համանախագահներն ու համանախագահող երկրները, ապա հիմա ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել վերոնշյալ հայտարարությամբ հանդես գալու և վերահաստատելու Արցախի դիրքորոշումը, որը նրանց շատ լավ էլ հայտնի է (նկատենք, որ Արցախյան հիմնախնդրի շուրջ շահարկումներ միշտ էլ եղել են…): Ի դեպ, որքան հիշում եմ, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում ԱՀ նախագահը որևէ ներկայացուցչական հավաքում նման հայտարարությամբ հանդես չի եկել:

Բակո Սահակյանի հայտարարությունը չի՞ հուշում արդյոք, որ Արցախի ղեկավարության վրա ազատագրված տարածքների կամ դրանց մի մասի հանձնման առումով ինչ-ինչ ճնշումներ կամ ճնշման փորձեր կան կամ արտաքին որոշ ուժերի, կամ նրանց կամքին ենթարկվելու պատրաստ ՀՀ վարչապետի կողմից, որն այլ առումներով արտաքին ուժերի կամքը կատարելու իր պատրաստակամությունն արդեն ապացուցել է (հիշենք, թեկուզ, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցում Փաշինյանի դիրքորոշումը):

Արցախի նախագահի վերոնշյալ հայտարարությունը չի՞ հուշում արդյոք, որ իրականությունից առնվազն հեռու չեն ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հրապարակվող այն տեղեկությունները, որոնց համաձայն, այժմ գաղտնի բանակցություններ են վարվում Արցախյան հիմնախնդրի փուլային լուծման համար, այսինքն` մի ազգադավ ծրագրի իրագործման, որը ժամանակին ուզում էր իրականացնել Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն չկարողանալով Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Սամվել Բաբայանի վճռական դիմադրության շնորհիվ, ստիպված եղավ հրաժարական տալ:

Հայաստանի և Արցախի հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Բակո Սահակյանը շատ կարևոր մի այլ հայտարարություն էլ է արել` ադրբեջանական համայնքին բանակցային գործընթաց խցկելու բոլոր փորձերը պետք է չեզոքացնենք:

ԱՀ նախագահի այս հայտարարությունն առաջնահերթորեն ուղղված է ոչ միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, այլ նաև անձամբ Նիկոլ Փաշինյանին, որը ոչ թե պարզապես դեմ չի արտահայտվել իրագործման դեպքում Արցախի սուբյեկտայնությունը նվազեցնող և անվտանգությանը սպառնացող Ալիևի նշված ցանկությանը, ինչը պարտավոր էր անել, կամ գոնե չի լռել այդ կապակցությամբ, այլ հակառակը, ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանի հավաստմամբ, ասել է, որ ինքը դեմ չէ բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասնակցությանը, այսինքն` կողմ է արտահայտվել դրան, տվել իր համաձայնությունը:

Ո՛չ վարչապետը, ո՛չ նրա մամուլի քարտուղարը, ո՛չ էլ աշխատակազմի ղեկավարը որևէ կերպ չհերքեցին Իգիթյանի հրապարակած տեղեկատվությունը, իսկ ինքը` Իգիթյանը, հետագայում փորձելով արդարացնել Փաշինյանին և իրեն, Factor.am-ին տված հարցազրույցում ասել է. «Նախ՝ ոչ մի նոր բան ես չեմ ասել, դա մեր տեսակետն է, եթե ոչ ռազմավարություն, ապա գոնե ծրագրային հայտարարություն է, որը ժամանակին արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ որևէ խնդիր չկա, որ Ալիևն իր հետ ում ուզում է՝ բերի, ուզում է՝ Բաքվի, Սումգայիթի համայնքը բերի, ուզում է՝ թալիշների կամ իրենց Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք համարողներին: Ում էլ ինքը բերի, ինքն արդեն ներկայացնում է այդ մարդկանց, նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք ընտրել են Ալիևին, և ինքն արդեն նրանց ներկայացնում է»:

Բա եթե այդպես է, եթե որևէ խնդիր չկա բանակցություններին նախկին ԼՂԻՄ-ի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի մասնակցության հարցում, եթե իսկապես որևէ խնդիր չկա, թե Ալիևն իր հետ ում կբերի, քանի ինքն արդեն ներկայացնում է այդ մարդկանց, այսինքն` տարբերություն չկա, ապա իր կրթական մակարդակով, դիվանագիտական ու քաղաքական փորձով Փաշինյանին մեծապես գերազանցող Ալիևն ինչո՞ւ է համառորեն ձգտում դրան… Խելքի պուտուկների շրջանում այս կապակցությամբ գոնե հարց չի՞ առաջանում, թե նրանք շատ լավ էլ գիտեն, որ իրենց դիրքորոշմամբ ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին ու նպաստում Ալիևի հայադավ ծրագրի իրագործմանը:

Խնդիրն այն է, որ բանակցություններին երբեմնի ԼՂԻՄ-ի «ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի մասնակցությամբ կիջեցվի Արցախի սուբյեկտայնությունը: Միջազգայնորեն ճանաչված պետության կարգավիճակ չունեցող, բայց անկախ ու կայացած պետության բոլոր ատրիբուտներն ունեցող Արցախի Հանրապետությունը բանակցություններում իր կարգավիճակով կհավասարեցվի երբեմնի ԼՂԻՄ-ի «ադրբեջանական համայնքին», որի ներկայացուցիչն Արցախի Հանրապետության ղեկավարի հետ կբանակցի իբրև հավասարը հավասարի հետ, բանակցություններում նրա խոսքը նույնքան լսելի կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կամ նրա անդամներից առնվազն երկուսի համար, որքան Արցախի նախագահի խոսքը:

Մի թե դժվար է հասկանալ, որ բանակցություններին երբեմնի ԼՂԻՄ-ի «ադրբեջանական համայնքի» մասնակցությանը համաձայնություն տալու դեպքում այն կձգտի և, Ալիևի ու արտաքին որոշ ուժերի աջակցությամբ, բանակցություններին իր ներկայացուցչով կմասնակցի Արցախին հավասար կարգավիճակով: Ավելին. պահանջատեր Ադրբեջանից բացի, բանակցություններին կմասնակցի դարձյալ ադրբեջանական շահերը ներկայացնող երկրորդ պահանջատեր կողմը` ի չիք դարձնելով այն դիվանագիտական ու քաղաքական օգուտները, որոնք ակնկալում ենք բանակցություններին Արցախի Հանրապետության մասնակցությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա անդամներից առնվազն երկուսը, ինչպես նաև «միջազգային հանրություն» կոչվածն այս առումով Արցախի և երբեմնի ԼՂԻՄ-ի ադրբեջանական համայնքի միջև խտրականություն չեն դնի: Ահա թե ինչի առջև կկանգնենք մենք Փաշինյանի «փայլուն» կամ գուցե հենց դավադիր քաղաքականության արդյունքում, քանի որ Փաշինյանի դեմ չլինելը ոչ թե նրա բերանից թռած խոսք է, այսինքն` վարչապետի դիվանագիտական, քաղաքական վրիպումը, այլ, ինչպես պարզվում է Իգիթյանի ասածից, իրենց եթե ոչ ռազմավարությունը, ապա գոնե ծրագրային հայտարարությունն է:

Նկատենք, որ Ալիևի հիշյալ ձգտմանը, ինչպես նաև դրան Փաշինյանի համաձայնությանը դեմ չեն արտահայտվել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, այսինքն` Հայաստանի ներկայիս քաղաքական իշխանությունն ամբողջությամբ, հետևաբար Արցախի նախագահի խոսքը պետք է ուղղված համարել նաև նրանց:

«Հայոց դիվանագիտության կարևորագույն առաջադրանքներից է Արցախի` որպես աշխարհաքաղաքական ինքնիշխան գործոնի և սուբյեկտի, կարգավիճակի պահպանման անհրաժեշտությունը, ինչն, իր հերթին, ընդլայնում է ճկուն քաղաքականություն վարելու մեր հնարավորությունները,- հայկական երկու հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ասել է Արցախի Հանրապետության նախագահը:- Այս ամենը լավ գիտակցում է նաև մեր հակառակորդը` դիմելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների: Այդ շարքին են դասվում մասնավորապես, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի` որպես առանձին սուբյեկտի, շահարկումը և չդադարող քայլերը այն բանակցային գործընթացի մեջ խցկելու ուղղությամբ: Սրանով նրանք փորձում են խոչընդոտել լիարժեք ձևաչափի վերականգնումը և, զուգահեռ, Արցախի անկախ ու կայացած պետություն լինելու փաստը իրականությունից տեղափոխել վիրտուալ տիրույթ: Բնական է, որ այդ բոլոր փորձերը մենք պետք է չեզոքացնենք` փոխադարձաբար իրար լրացնելով և անելիքները ճիշտ բաշխելով»:

Բակո Սահակյանը որպես Արցախի Հանրապետության նախագահ իր պաշտոնավարման ավարտից կարճ ժամանակ առաջ և Ամանորի շեմին Հայաստանի ղեկավարությանը և աշխարհին հստակ ներկայացրել է նաև իր ղեկավարած երկրի վճռական դիրքորոշումն ինչպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, այնպես էլ բանակցային ձևաչափի և հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերաբերյալ:

«Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին` լինի դա կարգավիճակի թե սահմանների առումով,- ասել է Արցախի Հանրապետության նախագահը:-Կարգավորման որևէ տարբերակ չի կարող վտանգի տակ դնել Արցախի Հանրապետության անվտանգությունը և նրա բնականոն կենսագործունեությունը: Սրանք այն նշաձողերն են, որոնք երբեք չպետք է իջեցվեն, և այն կարմիր գծերը, որոնք երբեք չպետք է խախտվեն: Այս ամենից է մեծապես կախված և՛ Արցախի, և՛ Հայաստանի հուսալի և կանխատեսելի ապագան»:

Անդրադառնալով բանակցային ձևաչափին և հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին, Բակո Սահակյանն ասել է.

«Պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները մնում են անփոփոխ. մենք կողմնակից ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը` բանակցային գործընթացի բոլոր փուլերին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցությամբ»:

Արցախի առաջնորդն իր խոսքի տողատակում Այսպիսով հասկացրել է, որ առանց բանակցային գործընթացի բոլոր փուլերին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցության, հակամարտության կարգավորում չի կարող լինել»:

Չմոռանանք ու հիշենք նաև Բակո Սահակյանի կատարած կարևոր ընդգծումներից ևս մեկը. «Ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ոչ միայն վճռորոշ գործոն է հայոց պետականության և հայ ժողովրդի ներկայի և ապագայի համար, այլև նաև տարածաշրջանային ու նույնիսկ համաշխարհային քաղաքականության կարևորագույն խնդիրներից է»:

Արթուր Հովհաննիսյան