Երեկվա միջադեպն ակնհայտ ուղղորդված գործողություն էր «Կենտրոն» ՀԸ-ի դեմ․ «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի տնօրեն Վարդուհի Մելտոնյան

««Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանի կողմից տրված հաղորդման և ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, նրան քաշքշելու, տեսախցիկը վնասելու դեպքի առթիվ, Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով»,- այս մասին տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։  LIVEnews.am-ն այս առիթով զրուցել է «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի տնօրեն Վարդուհի Մելտոնյանի հետ։

Մելտոնյանի կարծիքով՝ երեկվա միջադեպն ակնհայտ ուղղորդված գործողություն էր հենց «Կենտրոն» ՀԸ-ի դեմ, բայց թե ում կողմից, չի կարող ասել և հույս ունի, որ քննությունը կպարզի։

Մեկ տասնյակից ավելի լրագրողական կազմակերպություններ դատապարտել են կատարվածը և իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել, նաև ՄԻՊ-ն էր հայտարարություն տարածել։

Մելտոնյանի համար մտահոգիչ է այն, որ Նոր Հայաստանում սա երրորդ նման ոտնձգությունն է ԶԼՄ-ների հանդեպ և որևէ երաշխիք չկա, որ այսպիսի դեպքերը չեն կրկնվի։

Հիշեցնենք, որ երեկ  «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին պատկանող ձկնաբուծարան էին ներխուժել Արարատի մարզի Հովտաշատ համայնքի 6 տասնյակից ավելի բնակիչներ, հայհոյախառն արտահայտություններ արել և ինչ-որ պահանջներ ներկայացրել, փորձել դուրս հանել ձկնաբուծարանի ձուկը:

Դեպքի վայր էր մեկնել «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական ծրագրի նկարահանող խումբը, սակայն արդեն մուտքի մոտ նրանց չէին թողել տարածք մտնել՝ շուրջ 60 հոգով, ավտոմեքենաներով շրջափակելով նրանց, հարվածել էին, վնասել տեսախցիկը: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության աշխատակիցներ: