Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել են քաղցրավենիքի տուփի մեջ թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կանխել է մաքսանենգ ճանապարհով թմրանյութերի ներկրման հերթական փորձը։

ՊԵԿ մամուլի ծառայության տեղեկացմամբ, իրականացված միջոցառումների արդյունքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային զննության են ենթարկել Վրաստանից Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած ՀՀ քաղաքացի Կ. Հ․-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը:

Հսկողության արդյունքում մեքենայի բեռնախցիկում գտնվող քաղցրավենիքի  տուփերից հայտնաբերվել է «B8» նշագրմամբ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի 516 դեղահաբ, որոնք միախառնված են եղել կոնֆետների հետ:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քաղաքացի Կ. Հ․-ն և ավտոմեքենայի ուղևոր Ա. Ք․-ն ձերբակալվել են: