Փորձ էր արվում ներկայացնել, թե Քոչարյանը ատելի է հասարակության համար, սակայն մշակույթի գործիչների հայտարարությամբ պարզվեց հակառակը. Վ. Սողոմոնյան

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության կոչով հանդես եկած նախաձեռնության հեղինակներն ամփոփում են նախորդ երկու ամսվա աշխատանքները, այսօր նաև ցավալի մի ժամկետ է լրանում՝ այսօր 365-րդ օրն է, ինչ նախագահ Քոչարյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ, նաև այս թեմայով ենք այսօր բարձրաձայնելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությունը, նա ասաց. «Ընդամենը մի քանի օր առաջ, երբ հրապարակվեց այդ լուրը, իբր աջակիցներից մեկը փորձել է ցուցմունք փոխել, ոստիկանությունը փորձեց տիրաժավորել: Արդեն պարզ էր, որ դա ինչ-որ գործողության նախապատրաստություն է»:

Նա ընդգծեց, որ օդում կախված լուրեր կան, որ այդ տեսանյութն արվել է պարոն Թավադյանի դեմ, նաև չենք կարող բացառել ընտանիքի անդամների դեմ ինչ-որ գործեր սարքելու համար: «Այսպիսի լուրեր կային, և հիմա պարոն Թավադյանի մասով դա իրականություն դարձավ, նա ձերբակալվեց»,- նշեց նա:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում Քոչարյանին ազատ արձակելու համար հայտարարություն ստորագրած արվեստի գործիչների նկատմամբ կոշտ արձագանքը, նաև ֆեյքերի հարձակումը, նա ասաց. «Այդ կոշտ արձագանքը մշակույթի գործիչների հանդեպ պայմանավորված էր բացառապես մեկ բանով՝ իշխանությունն առաջին օրվանից տարածում էր կեղծ առասպել առ այն, որ հասարակությունը ցանկանում է, որ ամեն գնով նախագահ Քոչարյանը պատժվի, որ նա ատելի մի անձնավորություն է մեր հասարակության մեջ, և որևէ մեկը պատրաստ չէ նրան պաշտպանել և այդ պատճառով կարելի է նրա հանդեպ հաշվեհարդար տեսնել»:

Սակայն, ըստ Սողոմոնյանի՝ այդ 60 հազարից ավելի մարդկանց միացումը այդ հայտարարությանը, մշակույթի գործիչների հայտարարությունն ապացուցեցին, որ դա բացառապես կեղծիք է: «Նախագահ Քոչարյանը մեծ հեղինակություն ունի հասարակության մեջ, և դրա համար իշխանությունները փորձում են ամեն ինչ անել… ես գիտեմ, որ բազմաթիվ մարդկանց զանգել և փորձել են ահաբեկել, ուրեմն ֆեյքերի այդ հսկայական բանակը հարձակվել է արվեստի գործիչների վրա՝ փորձելով նրանց ինչ-որ ամոթանքներ տալ, սակայն արվեստի գործիչները սթափ մարդիկ են, լավ հասկանում են, որ այդ ֆեյքերի հետևում ոչ թե ժողովուրդն է կանգնած, այլ վարձկաններ, որոնք պարզապես այդ գործն անում են»,- պարզաբանեց նա:

Նրա խոսքով՝ միևնույն է, հնարավոր չէ երկար պահել այս վիճակը. «Ապօրինի կալանքը պետք է դադարեցվի, և երկրում պետք է վերականգնվի իրավական կարգը»: