Ե՞րբ է ճիշտ նշել Քրիստոսի ծնունդը՝ դեկտեմբերի 25-ի՞ն, թե հունվարի 6-ին

Ե՞րբ է ճիշտ նշել Քրիստոսի ծնունդը՝ դեկտեմբերի 25-ի՞ն, թե հունվարի 6-ին։ Այս հարցը հետաքրքրում է գրեթե բոլոր քրիստոնյաներին։ Qahana.am-ը պարզաբանել է։

Ս. Ծննդյան տոնը հունվարի 6–ին նշելը հիմնված է ավետարանական ճշմարտությունների վրա։ Հաշվարկը կատարվում է Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան օրից, ինչը հստակ է ըստ Ավետարանի։ Հրեական Քավության և Տաղավարահարաց տոները նշվում են թիշրի 10-22-ը (մեր տոմարով՝ սեպտեմբերի 27-հոկտեմբերի 9-ը)։

Հայտնի է, որ Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետիսը տրվեց հորը՝ Զաքարիային, երբ վերջինս, որպես տարվա քահանայապետ, պատրաստվում էր Քավության տոնին մտնել Սրբություն Սրբոց, որը լինում է տարին մեկ անգամ։

Ըստ Ղուկասի Ավետարանի, երբ Զաքարիան մտնում է Սրբություն Սրբոց, հրեշտակն ավետում է Հովհաննեսի ծնունդը, ինչին կասկածում է Զաքարիան և պապանձվում մինչև զավակի ծնվելը։ Այստեղից ելնելով՝ մենք կարող ենք հաշվել Հովհաննեսի ծննդյան օրը, որից վեց ամիս հետո, ըստ Ավետարանի, ծնվեց Քրիստոս։

Այլ կերպ՝ երբ ճշտում ենք, որ Հովհաննես Մկրտչի մայրը հղացավ հոկտեմբերի 10–ին, ապա այդտեղից հաշվում ենք վեց ամիս և գտնում ավետման օրը (ապրիլի 7), որից էլ հաշվելով ինն ամիս՝ ստանում ենք Ս. Ծննդյան օրը (հունվարի 6)։ Խնդիրն այն է, թե մենք ինչպես ենք հաշվում Զաքարիայի և Եղիսաբեթի (Հովհաննես Մկրտչի ծնողների) մերձեցման օրը. տոների սկզբի՞ն, երբ տրվեց ավետիսը և Զաքարիան պապանձվեց, թե՞ տոներից հետո, երբ ավարտվեցին ծիսակարգերը և Զաքարիան վերադարձավ տուն։

Եթե ընդունեք, որ Եղիսաբեթը հղիացավ Զաքարիայի պապանձման օրը՝ թիշրի 10–ին (սեպտեմբերի 27), ապա Հիսուսի ծննդյան օրը կստացվի դեկտեմբերի 25-ը, իսկ եթե հիմք վերցնենք թիշրի 22-ը (հոկտեմբերի 9), ապա Հիսուսի ծնունդը կլինի հունվարի 6-ին։

Հարկ է նշել, որ Զաքարիան չէր կարող թիշրի 10–ին (սեպտեմբերի 27) թողնել ժողովրդին, գնալ իր լեռնակողմի տունը և մերձենալ իր կնոջը: Այդ օրերին Քավության և Տաղավարահարաց տոների կապակցությամբ այնտեղ էր հավաքվում ամբողջ Իսրայելը՝ նվերներով ու պատարագներով հանդերձ։ Անհավատալի է, որ Զաքարիան, լինելով օրինապահ քահանա, Օրենքով պահանջվածը կատարելուց առաջ՝ երկու գլխավոր տոների միջակայքում, գնար իր կնոջ մոտ: Դրանով նա, ըստ Օրենքի հրամանի, ամբողջ Իսրայելի արուների վրա ամոթ կսփռեր: Իսկ Ղուկաս ավետարանիչն այս կապակցությամբ ասում է. «Եվ երբ պաշտամունքի իր օրերը լրացան, գնաց իր տունը: Այդ օրերից հետո նրա կինը՝ Եղիսաբեթը, հղիացավ» (Ղուկ. 1:23-24):

Թիշրի 10-ին եղավ Զաքարիայի մուտքը Սրբություն Սրբոց ու պապանձումը, որն ըստ հռոմեական օրացույցի՝ սեպտեմբերի 27-ին էր: Իսկ թիշրի 15-ին, որը հոկտեմբերի 2-ն է, Տաղավարահարաց տոնն է, (հիշատակը հրեաների՝ քառասուն տարի տաղավարներում բնակվելու) որը տևում էր մինչև թիշրի 22-ը (հոկտեմբերի 9):

Զաքարիան այդ օրն է գնում իր տուն, և այդ օրերից հետո է, ըստ Ավետարանի, հղիանում Եղիսաբեթը, այսինքն՝ հոկտեմբերի 10-ին:

Այսպիսով, Զաքարիայի պապանձումը եղավ սեպտեմբերի 27-ին, իսկ հոկտեմբերի 10-ին եղավ Եղիսաբեթի հղացումը: Այստեղից հաշվելով 6 ամիս՝ 180 օր՝ հասնում ենք նիսանի 16-ին, որն ապրիլի 6-ն է: Եվ ապրիլի 7-ին լինում է Գաբրիելի ավետումը: Ապա, ըստ անդրանիկների օրենքի, հաշվելով 276 օր՝ ինն ամիս հինգ օր՝ որպես սուրբ Աստվածածնի հղիության օրեր, հասնում ենք տեբեթի 21-ին, որը հունվարի 6-ն է: