ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՁՊՎ-ում գտնվող Արմեն Թավադյանին. գիշերն ահազանգ է ստացվել բնակարանի խուզարկության վերաբերյալ

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի 116 հեռախոսահամարին ստացվել է փաստաբանի ահազանգ՝ կապված իր վստահորդի բնակարանում իրականացվող խուզարկության ընթացքի հետ: Ըստ փաստաբանի՝ բնակարանը պատկանում է Արմեն Թավադյանին, ով հանդիսանում է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատերը:

ՀՀ ՄԻՊ գրասենյակի տեղեկացմամբ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել այն բնակարան, որտեղ, ըստ փաստաբանի, քրեական գործի շրջանակում իրականացվել է խուզարկություն։

Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանության Ձերբակալվածներին պահելու վայրում՝ Արմեն Թավադյանի հետ առանձնազրույց ունենալու նպատակով:

Այցի ընթացքում կստուգվեն նրա պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները կապի մեջ են նաև Արմեն Թավադյանի փաստաբանների հետ:

Նշված հարցերի հետ կապված քրեական հետապնդման մարմիններին կուղարկվի համապատասխան գրություն:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է, և նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝  այն է՝ կազմակերպված խմբով սուտ ցուցմունքի տալու համար կաշառելը կամ պարտադրելը։