Ընդերքի ապօրինի շահագործմամբ պետությանը և շրջակա միջավայրին էական վնաս է պատճառվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ, առանց համապատասխան թույլտվության, Շախկուլի գետի հովտում կատարված ապօրինի հանքարդյունահանման դեպքի հանգամանքները. պետությանը պատճառված վնասը գնահատվել է 327 517 320 դրամ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեն։
Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Վարդենիսի բնակչի կողմից 2017թ․ հունիս-նոյեմբեր ամիսներին ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել համայնքային սեփականություն հանդիսացող Շախկուլի գետի հովտում։ Օգտագործվել են տեխնիկական մի շարք միջոցներ, ինչպես նաև ներգրավվել են այլ անձինք, ովքեր նախապես տեղեկացված չեն եղել արդյունահանման անօրինական լինելու մասին։
1.1 կիլոմետր երկայնքով իրականացվել են 68.2 հազար խորանարդ մետր լեռնային զանգվածի քանդման աշխատանքներ, որից ցրոնային ոսկի պարունակող լեռնային զանգվածը կազմել է 28.2 հազար խմ, իսկ ոսկին՝ 18.46 կգ:
Ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շրջակա միջավայրին հասցվել է էական վնաս, ինչի հետևանքով պետությանը պատճառված գույքային վնասը, ըստ փորձագիտական եզրակացության, կազմել է 327 517 320 դրամ:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վարդենիսի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: