ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել Սիրիայում զինված գործողությունները

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անհանգստացած է Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի սրմամբ, ուստի կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ «ՌԻԱ Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, այդ մասին հայտարարություն է տարածել գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է Սիրիայի հյուսիս-արևմուտքում ռազմական իրավիճակի սրմամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- նշել է Դյուժարիկը:

Նրա խոսքով`գլխավոր քարտուղարն անհանգստացած է ռազմական գործողությունների մասշտաբներով և տարհանման ուղիների վրա հարձակումների մասին տարածված հաղորդագրություններով, որտեղով խաղաղ բնակիչները փորձում են լքել երկրի հյուսիսը:

«Գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին հիշեցնում է քաղաքացիական բնակչության պաշտպանության և տեղաշարժի ազատության ապահովման իրենց պարտավորությունների մասին,- հայտարարել է գլխավոր քարտուղարի խոսնակը։- Վերջին շրջանում ռազմական սրացումը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում տասնյակ զոհերի և առնվազն 80 հազար խաղաղ բնակիչների տեղահանման, ընդ որում` միայն վերջին շաբաթվա ընթացքում  տեղահանվել է 30 հազար մարդ»:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: 2017-ի վերջին Սիրիայում և Իրաքում հայտարարվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման նկատմամբ տարած հաղթանակի մասին:

Երկրի որոշ շրջաններում շարունակվում է գրոհայինների դեմ պայքարը: Ներկայում առաջնային են քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը և փախստականների վերադարձը: