ԱՄՆ-ը 240 մլն դոլար կհատկացնի Ռուսաստանի հիպերձայնային զենքից պաշտպանվելու համար (տեսանյութեր)

Նոր համակարգերը պետք է կատարելագործեն ամերիկյան հակաբալիստիկ պաշտպանության բնութագրիչները։

Պենտագոնը 240 մլն դոլար կհատկացնի «Boeing» ընկերությանը՝ «հիպերձայնային սպառնալիքների» դեմ պայքարի նպատակով ԱՄՆ ՀՀՊ-ի կատարելագործման համար։ Այս մասին հաղորդվում է Հակահրթիռային պաշտպանության ամերիկյան գործակալության հրապարակած փաստաթղթում։

«ԱՄՆ Հակահրթիռային պաշտպանության գործակալությունը «Boeing»-ի հետ պայմանագիր կկնքի համակարգային նախագծման ու ինտեգրման ոլորտում համակողմանի և բարձրտեխնոլոգիական համակարգերի հետազոտման ու մշակումների վերաբերյալ»,- նշված է գործակալության փաստաթղթում։

ԱՄՆ-ում բազմիցս հայտարարել են Ռուսաստանի և Չինաստանի հիպերձայնային զենքերի առջև Վաշինգտոնի խոցելիության մասին։

2018թ․ դեկտեմբերին ԱՄՆ Հաշվիչ պալատն իր հաշվետվության մեջ հաղորդել է, որ Վաշինգտոնն առայժմ հնարավորություն չունի դիմակայել Ռուսաստանի և Չինաստանի հիպերձայնային զենքերին։

2018թ․ մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնային ժողովին հղած ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ունի հիպերձայնային զենքի մի քանի տեսակ։ Նա նշել է, որ 2017թ․ դեկտեմբերից ՌԴ ՕՏՈՒ-ի փորձնական շահագործման մեջ են գտնվում «Կինժալ» հիպերձայնային ավիացիոն հրթիռային համալիրը և «Ավանգարդ» հիպերձայնային համալիրը։

2018թ․ մայիսին «Կինժալ» հիպերձայնային հրթիռներով սպառազինված ՄիԳ-31 կործանիչ ինքնաթիռներն անցել են փորձնական մարտական հերթապահության։

2018թ․ դեկտեմբերի վերջին Ռուսաստանում տեղի են ունեցել «Ավանգարդ» հիպերձայնային հրթիռային համալիրի թռիչքային փորձարկումները։