Ձևավորել հասարակություն, որն ապրում է իր առօրյա հաճույքներով և պատրաստ չէ ազգային նպատակների, գաղափարների համար պայքար տանել

2019 թվականը կորցրած հնարավորությունների և նոր սպառնալիքների ձևավորման տարի էր:  Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ամփոփիչ համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ պետության, հասարակության, հայ ժողովրդի կյանքում առնվազն յոթ ուղղություններով ոչ միայն չկարողացանք 2019 թվականը հավուր պատշաճի կազմակերպել, ուժեղացնել մեր պետականությունը, այլև նոր սպառնալիքներ ձևավորեցինք։

Առաջին երեք սպառնալիքները վերաբերում են արտաքին հարաբերություններին, արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցություններին և մեր անվտանգության թիվ մեկ երաշխավոր հայոց բանակին։

Մյուս սպառնալիքներից մեկը, ըստ Արծվիկ Մինասյանի, երկրում ստեղծված անհանդուրժողականության, ատելության մթնոլորտն է, հասարակության պառակտումը․ «Հայկական իրականության մեջ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը, ատելության խոսքը քարոզը, ատելության վարքագիծը, որ բխում է նախևառաջ իշխանություն ձևավորած անձանց վարքագծից, Հայաստանում դարձավ առօրյա։ Համացանում գրեթե ամեն օր հարյուրհազարավոր վիրավորանքներն ու հայհոյանքները վկայում են, որ իշխանության մնալու երաշխիքը դարձել է մանիպուլյացիների, սուտ, կեղծ տեղեկատվության միջոցով նոր թիրախներ ընտրելը՝ որպես թշնամի, որպեսզի հասարակությունն ի վերջո չհարցնի՝ լավ, մերժեցինք անցյալը, վատ երևույթները, բայց նորը դեռ չենք կառուցել, իսկ նորը կառուցելու համար, իշխանություն, ի՞նչ ես անելու, ի՞նչ ես խոստացել, որ չես անում։ Այս հարցը հասարակության էական հատված չի տալիս, որովհետև նրան անընդհատ նոր թշնամի է հրամցվում։ Վեջին թշնամին պետական կառավարման ամբողջ համակարգն էր։

Մեր հասարակության մեջ այն ողջամիտ հատվածը, որը պետք է այդ հարցադրումները դնի, անհրաժեշտ ժամանակ չի տրամադրում և համադրում չի կատարում։ Փորձ է արվում այդ ողջամիտ հատվածին մղել դեպի անկյուն, կեղծ թիրախներ ներկայացնել։ Սա վերաբերում է նաև սփյուռքին։ Ինքս 2018 թվականի ժողովրդական շարժումից հետո եղել եմ նաև սփյուռքում։ Սպասումները հիմնված էին մերժման կոնցեպտի վրա, բայց նաև կարևոր սկզբունք էին դրել՝ կառուցել, համախմբել հայության ներուժը։ Նրանք համացանցով են հետևում, թե ինչ է տեղի ունենում և այն ազդեցության տակ են, որը հրամցնում է իրենց սիրելի իշխանությունը, որը եկել էր լծակների տիրանալու, բայց այդ լծակներն օգտագործում է հասարակությունը պառակտելու համար, հասարակության մեջ տարբեր շերտավորումներ մտցնելու համար։ Իշխանությունը փորձում է դրանով նաև սփյուռքին պահել կարևոր ուղղության վրա, որի համաձայն՝ մինչև 2018 թվականը ինչ կատարվել է Հայաստանում, հանցագործություն է եղել, և 2018 թվականից հետո է, որ լուսաշող արևը բացվեց, և երկիրը գտնվում է փրկիչների ձեռքում»։

Արծվիկ Մինասյանը հարց է հնչեցնում՝ իսկ ինչո՞ւ հանգիստ չենք նստում տեղներս, լռում, որ իշխանությունը սխալվի։ «Բոլոր այն մարդիկ, որոնք այս հարցադրումը կատարում են, պետք է իմանան, որ եթե լռելու հետևանքով ազգային անվտանգության ոլորտում կորցնելու ենք համազգային նպատակներից գոնե մեկը, ապա լռողները հանցագործ են դառնալու։ Բոլոր այն մարդիկ, որոնք մտածում են՝ թողնեն իշխանությունը որքան հնարավոր է սխալվի, կործանվի, որպեսզի հասարակության աչքերը բացվեն, և հասարակությունը ոտքի կանգնի, պետք է հասկանան, որ դա նման է բերդը ավիրելուն և հետո նորից զրոյից նորը կառուցելուն։   Մեզ համար դա անընդունելի է, մենք իրավուքն չունենք մի կողմ քաշվել և թողնել, որ իշխանությունը տապալի ամեն ինչ»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Նրա համոզմամբ՝ այս հասարակական լարված մթնոլորտում, անհանդուրժողականության պայմաններում շատ ավելի ծանր հետևանքներ են առաջացնում օտարածին օրակարգերի սպասարկմանը պատրաստ և դրանք հասարակության կյանքում անընդհատ և ամեն օր ներմուծող մոտեցումները՝ սկսած ընտանեկան ավանդական արժեքները մերժելուց, մինչև եկեղեցու դեմ հարձակումները։ Դրանց նպատակն է ձևավորել հասարակություն, որը չունի դիմադրողականություն, և որն ապրում է իր առօրյա հաճույքներով, որը պատրաստ չէ ազգային նպատակների, գաղափարների համար պայքար տանել կամ լավագույն դեպքում նրա պայքարը պետք է լինի համայն մարդկության շրջանակներում սեփական բարեկեցությունն ապահովելը, բայց ոչ երբեք այն իդեալները, նպատակները, երազանքները, որոնք իբրև ժողովուրդ մենք պետք է ձևավորենք։

Մյուս մարտահրավերը, Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ, իշխանության մեջ մենատիրության հաստատման առարկայական գործողություններն են։ Դատարանների նվաճման քաղաքականությունը, որ իշխանությունը վերից վար փորձում է իրականացնել, բացահայտում են նաև անձնիշխանության, մենիշխանության ձգտումները․ «Դատարանների շրջափակումը, դատավորներին պիտակավորելը, ամենավերջին վիրավորանքները, փողոցային արդարադատությունը, ակնհայտ ապօրինի խափանման միջոցների ընտրությունը, մարդկանց անազատության մեջ պահելը, անձին արհեստական մեղավոր համարելը և նրան թշնամի հայտարարելը, անմեղության կանխավարկածը ոտնատակ տալը խոսում են այն մասին, որ մենք չենք կարող իրավական պետության մասին խոսել, հակառակը՝ մենք գործ ունենք բռնապետության հետ։ Խոսում ենք մի հասարակության մասին, որում մատնությունը  դարձել է հիմնական վարքագծի կանոն, ուրացումն ամենօրյա ապրելակերպ»։

Քաղաքական կուսակցությունները, որոնք պետք  է երկրում հասարակության քաղաքական կամքը ձևավորեն, Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ, այսօր որքան հնարավոր է՝ պիտակավորվում են, հատկապես այն կուսակցությունները, որոնք ընդդիմախոսում են իշխանություններին։ Այսինքն՝ ոչնչացվում է հենց քաղաքական ինստիտուտի կարևոր հատված՝ քաղաքական կուսակցությունները, առանց որոնց գաղափարախոսություն չի կարող լինել, առանց գաղափարախոսության ապագա չի կարող լինել։ Եվ պատահական չէ, որ առանց գաղափարախոսության արժեքային համակարգ ձևավորող իշխանությունը կամ պետք է գնա մենիշխանության հաստատման և բռնապետության միջոցով իշխանությունը պահելուն կամ պետականությունը կորցնելու ճանապարհով։ Երկուսն էլ մեզ համար ընդունելի չեն։ Եվ երբ այսօր ԱԺ-ում ձևավորվել է  աշխատանքային խումբ՝ կուսակցությունների մասին օրենսդրության վերանայման համար, տեսեք, թե ինչ հարցադրումներ են կատարում։ Նրանց համար քաղաքական կուսակցությունները կարող են ավելին չլինել, քան ինչ-որ օտարածին նախագծի մի մաս և իրենց համար դա ընդունելի տարբերակ է։