Հայաստանը ծածկված է աղբով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Իմ տպավորությամբ՝ ՀՀ քաղաքացիները տեղական ինքնակառավարման մարմիններից բավական հետևողականություն չեն պահանջում, որպեսզի աղբի կառավարման հետ կապված կոնկրետ խնդիրները լուծվեն։ Այս մասին այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջետային ծրագրերի քննարկմանը վերաբերող խորհրդակցության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ՀՀ-ն ծածկված է աղբով, աղբի տակ է գտնվում մեր երկիրը։ Իմ շրջագայությունները հանգեցնում են այն տխուր եզրակացությանը, որ մենք աղբի հարևանությամբ հանգիստ, խաղաղ և հաշտ ենք ապրում։ Կարծես՝ ներդաշնակություն է ձևավորվել»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիները նույնիսկ խնջույքներն են աղբով պատված միջավայրում անցկացնում, որն իր համար անհասկանալի տեսարան է։ «Այստեղ մակրո խնդիր կա, որը աղբի վերամշակման ռազմավարությունն ու կոնկրետ քայլերի ձեռնարկումն է»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իմ խոսքը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության բյուջետային ծրագրերի քննարկմանը վերաբերող խորհրդակցությանը։

Աղբի հետ մեր հարաբերությունների մասին: Այս խորհրդակցության արդյունքում տվեցի կոնկրետ հանձնարարականներ, որոնց էությունը հետեւյալն է. առնվազն աղբի երեք տեսակների գծով (ապակի, պլաստիկ, թուղթ) այսօր երկրում կան վերամշակողներ եւ որքան էլ տարօրինակ թվա՝ արտահանողներ: ՏԿԵ նախարարության առաջ խնդիր դրվեց հրավիրել տնտեսական այս գործունեությամբ զբաղվողներին եւ մարզպետարանների, համայնքների ներկայացուցիչներին եւ քննարկել համայնքներում տեղի ուժերով աղբը հավաքելու, տեսակավորելու եւ տնտեսվարողների կողմից դրա «մթերումը» կազմակերպելու հնարավորությունները:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 21 декабря 2019 г.