Ակնաբուժական կլինիկայի ղեկավարից խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել երկու անձի

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերի շորթման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  ՀՀ ՔԿ մամուլի ծառայության տեղեկացմամբ, մեղադրանք է առաջադրվել երկու անձի։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունիսի 18-ին Արարատի մարզի 64-ամյա բնակիչը ծանոթի՝ 51-ամյա Երևանի բնակչի հետ նախնական համաձայնությամբ, ակնաբուժական կլինիկայի ղեկավարին սպառնացել են հրապարակել և իրավապահ մարմիններին հանձնել նրան արատավորող և օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ, որից հետո վերջինիցս պահանջել են խոշոր չափերով՝ 716.570 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար գումար, սակայն ստանալով շորթված գումարը, բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 61-ամյա Արարատի մարզի և 51-ամյա Երևան քաղաքի բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: