«Հանուն Արցախի» համազգային շարժումը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոն օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության մարմինների հարգելի ծառայողներ, սիրելի վետերաններ և մարտական ընկերներ, «Հանուն Արցախի» համազգային շարժման մասնակիցների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոն օրվա առթիվ:

Արցախի նորագույն պատմության մեջ, անգամ ադրբեջանական հրոսակների դեմ պատերազմական գործողությունների պայմաններում, մեր պետականության հիմքերի ամրապնդման, երկրի խաղաղ ու անվտանգ զարգացման ապահովման գործում անգնահատելի է Ձեր դերակատարությունը, որտեղ մշտապես աչքի եք ընկել հայրենասիրությամբ, պատասխանատվության բարձր զգացումով, մշտապես եղել և մնում եք պետական մտածելակերպի ու հայրենիքին անսահման նվիրվածության գաղափարի կրողներ: Դրա վառ ապացույցն էր նաև 2016 թվականի ապրիլյան դեպքերին Ձեր դերակատարումը և դրանից հետո սահմանների ամրացման գործում Ձեր կատարած հայրենասիրական և բանակաշինական աշխատանքը: Լիահույս եմ, որ հետագայում նույնպես դուք պատվով եք կատարելու ձեր պարտքը՝ պատշաճ մակարդակի վրա պահելով մեր պետության և հասարակության անվտանգությունը:

Կրկին շնորհավորելով Ձեզ՝ մաղթում եմ քաջառողջություն, բարօրություն, հետագա հաջողություններ ու ձեռքբերումներ՝ ի փառս մեր հայրենիքի և ի նպաստ նրա անվտանգության: Աստված Ձեզ պահապան:

«Հանուն Արցախի» համազգային շարժում