Ես կարծում եմ, որ 2020 թ. կլինի արտահերթ ընտրությունների տարի. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն այսօր մամուլի ասուլիսին, անդրադառնալով պարգևավճարների համակարգին, նկատեց, որ վարչապետը նախարարների, փոխնախարարների, մարզպետների աշխատավարձերը ոչ թե բարձրացրել է, այլ պարգևավճարների հաշվին այդ անձնավորություններն ստանում են մեծ գումար:

«Հիմա հարց է առաջանում, թե որ օրենքի շրջանակում է վարչապետը իրավազոր պետական բարձրաստիճան պաշտոնյաներին տարին 12 ամիս կրկնակի, եռակի պարգևավճար տալ»,-ասաց Բաբայանը՝ հետաքրքրվելով, թե վարչապետն ինքն իրեն պարգևավճար տալի՞ս է, թե ոչ:

«Խոսել և դատարկ թվեր հրապարակելը շատ հեշտ է: 2020թ․ լինելու է բավականին ծանր տարի` արտաքին քաղաքական գործընթացներից, մինչև ներքին քաղաքական գործընթացներ: Այն, ինչ հրամցվում է որպես դեմոկրատիա, որպես ազատ խոսք և ժողովրդին մոտ լինելու հանգամանք, պարզապես անլրջություն է և չի կարող լուրջ ընդունվել»,-ասաց նա:

Անդրադառնալով «Փաշինյանի փախուստը» տեսանյութին՝ Վահան Բաբայանն արձագանքեց. «Ասենք, ո՞ւմ են ուզում խաբել, կամ ո՞ւմ են ուզում էշի տեղ դնել։ Ո՞վ չգիտի, որ կառավարական դաչայից վարչապետը չի կարող փախչել, քանի որ կա ծառայություն: Պարզ է, որ դա կրկին սերիալային շոու է, և դրան պետք է մարդիկ ծափահարեն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա Վահան Բաբայանն ասաց, որ ասել, թե կոռուպցիայի դեմ պայքար չկա, կլինի սուտ, քանի որ կան իրավապահ մարմիններ, այլ հարց է, թե ինչպիսի քաղաքական հայտարարություններ են ուղղորդվում դրան, և երկրի ղեկավարի քաղաքական կուրսը ինչպիսին է:

«Հայտարարել, որ կոռուպցիան վերացած է, կրկին զավեշտի և ֆանտաստիկայի ժանրից է:  «Մարտի 1-ի» գործն էլ էր բացահայտված, կոռուպցիան էլ էր վերացած, բայց բոլորս տեսնում ենք, որ նման բան չկա: Խոսքի մակարդակից այն կողմ ՀՀ-ում իրական փաստացի բան չկա 1,5 տարվա ընթացքում: Կոռուպցիայի դեմ պայքարը համակարգային խնդիր է, որը պետք է ռեֆորմներով լուծել և ոչ թե պատին ծեփելու, ասֆալտներին փռելու և նմանատիպ հայտարարություններ անելով»,-ասաց նա:

Խոսելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված գործի մասին՝ նախկին պատգամավորն ասաց. «Որքան էլ մարդիկ փորձում են վարկաբեկել կամ նսեմացնել երրորդ նախագահի դերը ՀՀ պատմության մեջ, տեսնում ենք, որ երրորդ նախագահը մինչ այսօր ունի իր հեղինակությունը, հետևորդները, և իր կուսակցությունը հզորանում է: Նախագահն ունի անձեռնմխելիություն, և հարց է՝ ինչպես են այդ ինստիտուտը վերացրել, որ առաջադրեն այդ մեղադրանքը: Էժանագին այս շոուները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև ժողովուրդը իրականում հոգնի այս հնդկական սերիալից»,-ասաց նա:

Վահան Բաբայանը նշեց, որ ատելության խոսքի առաջին տարածողը իրենց ղեկավարն է: «Ես կարծում եմ, որ 2020 թվականը կլինի արտահերթ ընտրությունների տարի»: