2020 թվականին Թուրքիայում «թեժ է» լինելու

Մոտակա տարում իրավիճակը Թուրքիայում կարող է կտրուկ փոխվել: Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քաղաքական պայքարի մեկնարկի մասին: Թուրքիայի կառավարության նախկին ղեկավարը պատրաստվում է մարտահրավեր նետել Թուրքիայի այսօրվա նախագահին նորաստեղծ «Ապագայի կուսակցության» ուժերով: Կուսակցության անունը տարօրինակ է, բայց հավակնոտ, ինչպեսև Դավութօղլուն: Իր նոր քաղաքական նախագծի շնորհանդեսի ժամանակ Դավութօղլուն հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել ինչպես Էրդողանին, այնպես էլ ամբողջ ԱԶԿ կուսակցությունը, որի շարքերը նախկին վարչապետը լքել է այս աշնանը: Նրա խոսքերով՝ Թուրքիայի զարգացմանը խոչընդոտում են իշխանության կենտրոնացումը մեկ անձի ձեռքում, տնտեսական ճգնաժամը և վախի մթնոլորտը: Ուստի Դավութօղլուն իր համախոհներին կոչ է արել «կապիտալ վերանորոգել քաղաքական համակարգը»:

Բայց մենք չէինք ասի, որ այսպես կոչված «նեո-օսմանական քաղաքականության» գաղափարական «հայրը» էապես տարբերվում է Էրդողանից: Եվ նախագահի հասցեին նրա քննադատությունը հասկանալի է. այն ոչնչով չի տարբերվում որևէ երկրի նախկին պաշտոնատար անձի՝ իշխանություններին ուղղված քննադատությունից: Օրինակ՝ Դավութօղլուն հայտարարում է. «Իշխող ԱԶԿ-ն այլ պլան չունի, քան մնալ իշխանության»: Թուրքիայի դատական ​​համակարգը վերածվել է այնպիսի մեխանիզմի, որից քաղաքացիները «վախենում են, այլ ոչ թե վստահում նրան»: Երկրի տնտեսությունը գտնվում է «խորը ճգնաժամի» մեջ: «Չնայած բոլոր ճնշումներին և վախի մթնոլորտին, որոնք նրանք ստեղծել են, մենք հավաքվել ենք ժողովրդավարական և բարգավաճ երկիր ստեղծելու նպատակով, – ասել է նա: – Նախագահական համակարգը կառուցվել է առավելագույն հնարավոր իշխանությունը կառավարությանը փոխանցելու և կառավարման օրենսդիր և դատական ​​ճյուղերի վրա նրա ազդեցության ուժեղացման նպատակով: Դատական ​​համակարգի՝ գործադիր իշխանության վերահսկմանն ուղղված ջանքերը պետք է դիտվեն որպես ամենամեծ հանցագործություն»: «Մենք պաշտպանում ենք ժողովրդավարական խորհրդարանական համակարգը», – ավելացրել է նա՝ կոչ անելով ընդունել Թուրքիայի նոր Սահմանադրությունը:

Ավելի վաղ մինչև տարեվերջ նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին հայտարարելու իր ծրագրերի մասին խոսել էր նաև Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը: Դավութօղլուն, Բաբաջանը և ԱԶԿ-ի մի քանի այլ նշանավոր գործիչներ, այդ թվում Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը Էրդողանից հեռացել են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձից հետո: Նշված քաղաքական գործիչները հավանություն չեն տվել նաև ներկայիս նախագահի՝ խորհրդարանական կառավարման համակարգից նախագահականի անցնելու առաջարկին: Ի դեպ, Գյուլը ևս խոստացել է ստեղծել իր սեփական կուսակցությունը: Եվ եթե այն, ինչ հիմա կատարվում է, Էրդողանի և այդ անձանց դավադրությունը չէ՝ իր իշխանությունը հավերժացնելու նպատակով «գրպանային» կեղծ ընդդիմադիր կուսակցություններ ստեղծելու միջոցով (այնպես, որ ավանդական ընդդիմությունը նույնիսկ չկարողանա հավակնել իշխանությանը), ապա 2020 թ. Թուրքիայում պետք է սրվի ներքին անզիջում պայքարը:

Հիշեցնենք, որ Դավութօղլուն իշխող ԱԶԿ-ից դուրս գալու մասին հայտարարել էր 2019-ի սեպտեմբերի 13-ին: Դրանից առաջ Էրդողանի կուսակցությունը համաձայնել էր  բարձրացնել նախկին վարչապետի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Այհան Սեֆեր Ուստյունի, Ստամբուլից պատգամավոր Աբդուլահ Բաշչիի և Մանիսայից նախկին պատգամավոր Սելչուկ Օզդահի հեռացման հարցը:

Դավութօղլուն Թուրքիայի վարչապետ է դարձել 2014-ին ՝ որպես արտաքին գործերի նախարար 5 տարի պաշտոնավարելուց հետո: Բայց 2016-ին նա անսպասելիորեն վիճաբանել է Էրդողանի հետ, ինչը նրա անխուսափելի հրաժարականի պատճառ դարձավ: Վերջին 3 տարիներին  Դավութօղլուն միացավ Էրդողանի վարած քաղաքականության հետևողական քննադատներին՝ միաժամանակ արտաքուստ մնալով իշխող ԱԶԿ անդամ: Հարկ է հիշեցնել նաև, որ վիճաբանության պատճառներից մեկն էլ Սիրիայի տարածքում թուրքերի կողմից ռուսական Սու-24Մ ռազմական ինքնաթիռը (2015 թ. Նոյեմբերի 24) խոցելն էր․ թուրքական ԶԼՄ-ների ներկայացմամբ՝ ռուսական Սու-24Մ խոցելու հրամանը արձակել էր անձամբ Դավութօղլուն:

Սերգեյ Շաքարյանց