ՌԴ պատգամավորը ռազմական հավասարակշռությունը համարում է ԼՂ խնդրի խաղաղ լուծման երաշխիք (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի կարծիքով` ցանկացած հակամարտությունում իրավիճակը կարող է ապակայունացնել ուժերի անհամաչափությունը:

Այս մասին Կոսաչովն ասաց ՀՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների` Ռուսաստանի և Բելառուսի կողմից Ադրբեջանի Հանրապետությանը զենքի վաճառքին:

«Ցանկացած հակամարտությունում, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, իրականում իրավիճակը ապակայունացնում է ուժերի անհամաչափությունը, երբ մի կողմի մոտ առաջանում է կամ իրական հնարավորություն, կամ խաբկանք, որ նա կարող է հաղթանակ տանել ռազմական հակամարտությունում: Մեր խորին համոզմամբ` այս տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը հանդիսանում է նյութական երաշխիքներից մեկը` այս հակամարտությունը ոչ ռազմական վիճակի մեջ պահելու համար»,- ասաց Կոսաչովը:

Նա հավելեց, որ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցում է տարբեր պայմաններում, սակայն Ադրբեջանին զենքի վաճառքից հրաժարվելը կարող է հնագեցնել  անցանկալի հետևանքների:

«Մենք Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցում ենք տարբեր պայմաններում: Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի և գործընկերը, և դաշնակիցը, Ադրբեջանի հետ այդպիսի հարաբերություններ չունենք, բայց այդպիսի համագործակցությունից հրաժարվելն Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից կբերի երկու անցանկալի հետևանքների ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների համար: Այդ հավանական հեռանկարներից մեկն այն է, որ կարող են հայտնվել Ադրբեջանին զենքի այլ մատակարարներ, որի դեպքում կարող է սկսվել զինտեխնիկայի հզորության ցուցադրություն, որպեսզի պարզեն, թե որ կողմն է ավելի ուժեղ, երկրորդն այն է, որ կարող է խաթարվել ռազմական հնարավորությունների հավասարակշռությունը, որն այսօր կա»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում