Բաղրամյանի համայնքի ղեկավարն իր պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ կատարել է հանցագործություն

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով քննվող քրեական գործի քննության ընթացքում հայտնաբերվել է Բաղրամյանի համայնքապետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպք: Այս մասին տեղեկացրել է ՊԵԿ լրատվական ծառայությունը։ Մասնավորապես, պարզվել է, որ Բաղրամյան համայնքի ղեկավարը տեղյակ լինելով, որ իր ղեկավարած համայնքում, ինչպես նաև հարակից համայնքում խոշոր գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերությունը ցանկացել է նոր հողատարածքներ ձեռք բերել և ընդլայնել իր գործունեությունը, ընկերության ներկայացուցիչներին չի տրամադրել համապատասխան տեղեկատվություն՝ համայնքին պատկանող հողատարածքների պատկանելիության մասին՝ նպատակ ունենալով համայնքի հաշվեկշռում գտնվող հողատարածքները սեփականացնել և գնորդին վաճառել անհամեմատ բարձր արժեքով։  Այդ նպատակով համայնքապետը հողատարածքները վաճառելու գործընթացը կազմակերպել է  միջնորդավորված եղանակով և  կեղծ տեղեկատվություն է տրամադրել, որ համայնքը վաճառքի ենթակա հողատարածքներ չունի։

Այդ ընթացքում Բաղրամյանի համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքը համայնքի շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական նպատակներով, ստանալով համայնքի ավագանու անդամների համաձայնությունը, կազմակերպել է պահանջվող հողատարածքի վաճառքի ձևական աճուրդ, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել իր ազգականը: Արդյունքում համայնքապետն իր ազգականին այդ տարածքը վաճառել է շուկայական արժեքից զգալիորեն էժան գնով՝  ավելի քան 9 միլոն դրամով: Նա էլ իր հերթին հողատարածքները նախապես պայմանավորված արժեքով՝ շուրջ 71 միլիոն դրամով վաճառել է գնորդ ընկերությանը, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է էական վնաս՝ շուրջ 62 միլիոն դրամի չափով:

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: