ASİMED-ը յոթ լեզվով հակահայկական քարոզչություն է իրականացնում

Թուրքիայում ևս մեկով ավելացել է հակահայկական քարոզչություն իրականացնող և Հայոց ցեղասպանության ժխտմամբ զբաղվող կազմակերպությունների համացանցային ռեսուրսների ցանկը:

«Ermenihaber.am»-ի տեղեկացմամբ, թուրքական ASİMED («Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միություն») կոչվող միությունը հայտարարել է նոր կայքի գործարկման մասին: Ըստ հայտարարության՝ կայքը պետք է ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում իրականացնի միջազգային մամուլում: Պետք է հայտնաբերի «Հայոց ցեղասպանության մասին նյութեր և հակաթուրքական բնույթի հրապարակումներ», այնուհետև դրանք հավաքի իր տվյալների բազայում, Թուրքիայի պաշտոնական թեզերին համահունչ պատասխաններ պատրաստի ու հրապարակի 7 լեզվով:

Tarihigercekler.net անվանումով կայքը հրապարակումներ է ունենալու թուրքերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն և պարսկերեն:

ԱՄՆ-ում, Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հոլանդիայում ու Բելգիայում գործող թուրքական լոբբիստական կազմակերպությունների հետ կապ հաստատած կայքը նպատակ ունի նաև պարարտ հող ստեղծել նշյալ լոբբիստական կառույցների հզորացման համար:

Բացահայտ ռասիստական գործունեություն ծավալող այս կազմակերպությունը իր նորաբաց կայքում հայերի նկատմամբ ատելություն սերմանող տեղեկություններ է տարածում:

Հակահայկական կազմակերպության ղեկավար Սավաշ Էղիլմեզը նշել է, որ կարճ ժամանակ առաջ գործարկված կայքն արդեն ամսական 30 հազարից ավելի այցելու ունի, որոնց 70 տոկոսը արտասահմանից են: