ԱՄՆ զինված ուժերը Սիրիայում սպասո՞ւմ են Ռուսաստանի և Իրանի հարձակումներին

Ամերիկյան հեղինակավոր «New York Times» թերթը հրապարակել է սենսացիոն տվյալներ: Այս թերթի տեղեկատվությանը չվստահելու պատճառ չկա: «New York Times»-ի աղբյուրները պնդում են, որ վերջերս Սիրիայում ԱՄՆ ռազմական հրամանատարությունը դիմել է Պենտագոնին՝ «ռուսական, սիրիական, իրանական կամ թուրքական ուժերի և նրանց դաշնակիցների կողմից հարձակման դեպքում» հրահանգների համար: Սիրիայում ԱՄՆ զինված ուժերը կարծում են, որ Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի կամ Թուրքիայի կողմից հնարավոր գրոհները պոտենցիալ ավելի վտանգավոր են, քան «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության սպառնալիքը: Այնուամենայնիվ, Պենտագոնը պատասխանել է շատ «անորոշ» ուղղություններով»,- գրում է «New York Times»-ը:

Այս թերթի աղբյուրները նշում են, որ այժմ ԱՄՆ ուժերը Սիրիայում «պաշտպանում են» նավթային հանքավայրերը, բայց նրանց հիմնական նպատակը դեռևս, իբր թե, ԻՊ-ի դեմ պայքարն է: «New York Times»-ի հեղինակները կարծում են, որ ստեղծված իրավիճակի համար մեղավոր է նախագահ Դոնալդ Թրամփը, ով հակասական դիրքորոշում է որդեգրել Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայության կապակցությամբ: Բայց իրավիճակն ավելի բարդ է: Պատահական չէ, որ ամերիկացիները սկսել են վախենալ ռազմական բախումից Ռուսաստանի և Իրանի հետ. մենք վստահ ենք, որ ԱՄՆ զինված ուժերը չեն ակնկալում հարձակումներ «թուրքական ուժերից և նրանց դաշնակիցներից»: Ի վերջո, Թուրքիան ինքն է ներքաշված Սիրիայում նավթային պաշարների կողոպուտի մեջ: Թուրքերը և ամերիկացիները հարյուր տոկոսով դաշնակից են: Իսկ Ռուսաստանն ու Իրանը, Նուր Սուլթանում «Աստանայի գործընթացի» ձևաչափով վերջերս կայացած 14-րդ հանդիպման ժամանակ, մեկ անգամ ևս պահանջել են, որ այն երկրների զորքերը, որոնց ոչ ոք չի կանչել Սիրիա, լքեն սիրիական  տարածքը: Մասնավորապես, Իրանը և նրա դաշնակիցները` շիական աշխարհազորայինները, վաղուց են ցանկանում դաս տալ ամերիկացիներին Սիրիայում: Եվ Ռուսաստանը փաստացի փրկում է ամերիկացիներին խոշոր անախորժություններից:

Իսկ վերջերս Ռուսաստանի Դաշնային լրատվական գործակալությունը (ԴԼԳ) հրապարակել է հետաքննություն, որի համաձայն՝ ԱՄՆ-ը քուրդ արմատականների օգնությամբ համագործակցել են ԻՊ գրոհայինների հետ: Ամերիկացիներն իրականացրել են զենքի գաղտնի մատակարարումներ, զինյալներին աջակցել են անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև սիրիական նավթի դիմաց Սիրիա են ներմուծել հարյուրավոր վարձկանների: Ահա թե ինչու է այժմ ԱՄՆ բանակը լրջորեն վախեցել, որ Սիրիայում իր զինվորներն ու սպաները կարող են ուղիղ թիրախ դառնալ այն երկրների զինված ուժերի համար, որոնք Ամերիկայից պահանջում են լքել Սիրիան: Մոսկվայի քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Սոլովեյչիկը այսպես է մեկնաբանել «New York Times» թերթում հրապարակված գրառումը. «Ուրիշի նավթը զավթելը, իհարկե, ավելի հեշտ է, քան այս կամ այն ​​կերպ օտար բանակների դեմ պայքարելը: Սա ակնհայտ է նույնիսկ ամերիկյան գեներալների և ԱՄՆ վարչակազմի գերագույն ղեկավարության համար: Այստեղից էլ նման տրամադրություններ և նման զգուշավոր հարցումներ վերևներում ու նման անհիմն պատասխաններ վերևներից: Հասկանալի է, որ ամերիկացիները վախենում են մտնել ցանկացած զինված բախման կամ հակամարտության մեջ Սիրիայում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումների հետ: Նույնը վերաբերում է նաև Իրանի և Թուրքիայի մարտական ​​ստորաբաժանումներին: Մյուս կողմից, ԱՄՆ իշխանություններն ակտիվորեն ներգրավված են սիրիական հակամարտության մեջ, բայց, որպես կանոն, այնտեղ գործում են ուրիշի ձեռքերով՝ բացահայտ կամ գաղտնի աջակցելով որոշակի զինված խմբավորումների, այդ թվում նաև՝ ահաբեկչական»: Բացի դրանից, ԱՄՆ իշխանությունները վախ ունեն «ԱՄՆ զինված ուժերում հնարավոր կորուստների հանդեպ»: Ռուս քաղաքագետ Վլադիմիր Կարասևը այդ կարծիքին հավելել է հետևյալը. «Հիմա Թրամփի նավթագործները ևս սկսել են անհանգստանալ իրենց անվտանգության համար: Պենտագոնը՝ լինելով խառնաշփոթ վիճակում, բոլոր սլաքներն ուղղել է Թրամփի վրա… բոլոր դիակները կլինեն Թրամփի խղճին՝ նախագահին ուղղված իմպիչմենտի լսումների շրջանակներում»:

Դեռ պարզ չէ, թե ինչն է իրականում վախեցրել ԱՄՆ զինված ուժերին, ինչի պատճառով են նրանք «հրահանգներ» հայցել Պենտագոնից: Երևի թե մինչև այս տարվա վերջ համաշխարհային հանրությունը դա չիմանա: Այնուամենայնիվ, եթե Թրամփին առաջարկվի վաղաժամ հրաժարվել ԱՄՆ նախագահի լիազորություններից, ապա չի բացառվում, որ  ի հայտ կգա բացահայտումների մի ամբողջ շարք՝ ԻՊ խմբավորումների հայտնվելու գործում Վաշինգտոնի իրական դերի մասին:

Սերգեյ Շաքարյանց