Կանայք, անկասկած, ավելի լավն են, քան տղամարդիկ․ Բարաք Օբամա

Եթե պետությունները ղեկավարեին կանայք, ապա կենսամակարդակը, ընդհանուր առմամբ, կբարձրանար, պնդում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման:

Ելույթ ունենալով Սինգապուրում, նա հայտարարել է, որ չնայած կանայք էլ կատարյալ չեն, բայց «անհերքելիորեն ավելի լավն են», քան տղամարդիկ: Գրել է «BBC News»-ը։

Օբաման նշել է, որ աշխարհում խնդիրների մեծ մասն ստեղծում են տարեցները, հիմնականում իշխանությունից կառչած տղամարդիկ:

ԱՄՆ 44-րդ նախագահը խոսել է նաև քաղաքական բևեռացման և սոցիալական ցանցերի միջոցով կեղծիքներ տարածելու մասին։

Առաջնորդության հարցերով մասնավոր միջոցառման ժամանակ Օբաման խոստովանել է, որ իշխանության մեջ լինելու ժամանակ շատ էր մտորում այն մասին, թե ինչպիսին կլիներ աշխարհը, եթե այն ղեկավարեին կանայք։

Տղամարդիկ, ովքեր չեն ուզում հեռանալ

Հարցին, թե երբևէ կցանկանա՞ր վերադառնալ մեծ քաղաքականություն, Օբաման հայտարարել է, որ առաջնորդները պարտավոր են հեռանալ, երբ իրենց ժամանակը գալիս է:

«Եթե դուք նայեք մեր աշխարհին և դրա հիմնախնդիրներին, ապա դրանք սովորաբար տարեց մարդիկ են, տարեց տղամարդիկ, ովքեր չեն ցանկանում հեռանալ քաղաքականությունից,- հայտարարել է Օբաման։- Քաղաքական առաջնորդները պետք է հիշեն, որ կատարում են իրենց գործը, բայց դա ամբողջ կյանքի համար չէ, և որ նրանք այդ պաշտոնում են ոչ  սեփական անձի կարևորության  զգացողությունը կամ իշխանությունը պահպանելու համար»:

 Բարաք Օբաման Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2009-2017 թթ:

Սպիտակ տունը լքելուց հետո նա իր կնոջ հետ ստեղծել է հիմնադրամ, որի նպատակը աշխարհի տարբեր երկրների սկսնակ քաղաքական առաջնորդներին օգնելն է: Այդ հիմնադրամի գործունեության շրջանակներում անցած շաբաթ Բարաք և Միշել Օբամաները այցելել են Կուալա-Լումպուր։