Էրդողանի սպառնալիքների հենքին` մի քանի ամերիկյան ռազմական ինքնաթիռ լքել է թուրքական ավիաբազան

Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազան, որտեղ պահվում է ամերիկյան միջուկային զենքը, նախորդ օրը լքել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի առնվազն 5 ռազմական ինքնաթիռ: Այս մասին տեղեկացրել է interfax.ru լրատվական կայքը:

Պատճառը  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ամերիկյան ռազմաբազաները փակելու մասին հնչեցրած ապառնալիքներն են:

Մասնավորապես, ըստ արևմտյան ավիացիոն ռեսուրսների, «Ինջիրլիք» ռազմաբազան լքել է երեք C-17A Globemaster ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռ, մեկ C-5M Galaxy բարձր բեռնատարողությամբ ռազմատրանսպորտային ինքնաթիռ և 1 C-40B ռազմական հրամանատարության ինքնաթիռ:

Նշենք, որ դեկտեմբերի սկզբին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես հայտարարել էր, որ Անկարան կարող է դիտարկել ամերիկյան զորքերի դուրսբերումը «Ինջիրլիք» ավիաբազայից, եթե Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ ՝ ռուսական S-400- ների ձեռքբերման համար:

«Ինջիրլիք»  ավիաբազան տեղակայված է նույնանուն թուրքական քաղաքի մոտ: Այն օգտագործում են ինչպես ամերիկյան, այնպես էլ  թուրքական ռազմաօդային ուժերը: