Երևանում կտեղադրվի Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը

Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում կտեղադրվի անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանը:

Վարպետի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում, մինչդեռ քանդակագործը միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երևանում:

Դեռևս 2000-ականների սկզբին Արտո Չաքմաքչյանին խոստացել էին «Քայլող մարդը» քանդակը տեղադրել Հյուսիսային պողոտայում: Երևանի ավագանին այսօր հավանություն տվեց որոշման նախագծին:

Արձանի ձուլման և տեղադրման ծախսերը կհոգա ՀՀ կրթության, գիտության, սպորտի ու մշակույթի նախարարությունը: