Հայաստանը կարկանդակ՝ դրսի ուժերի՞, թե իշխանական թևերի համար (տեսանյութ)

«Ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է,  այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ». օրերս կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաստորեն, հեղափոխական վարչապետը ահազանգեց`հեղափոխությունը վտանգված է ու բազմաթիվ, այսպես կոչված,  «թշնամիների» ցանկում ավելացավ ևս մեկը` պետական համակարգը:

Հիմնական թշնամու դերում առաջին հերթին, հասկանալի է, նախկիններն են, որոնք պիտակավորվեցին հակահեղափոխականներ, իսկ հետո հակահեղափոխական անվանվեցին բոլոր նրանք, ովքեր սկսեցին քննադատել իշխանությանը,  մասնավորաբար, քննադատել վարչապետի քաղաքականությունը` տարբեր հարցերում: Բայց քանի որ նախկինների թեման սկսում է իրեն սպառել` տեղը պիտի դատարկ չմնա, ուրեմն պիտի ի հայտ գան նոր թշնամիներ, նոր հակահեղափոխականներ:

Հիմա ստացվում է, որ այդ հակահեղափոխականների դերում մի ողջ պետական համակարգ է: Իսկ թշնամիների ու հակահեղափոխականների փնտրտուքը ինքնանպատակ չէ:  Երբ կա ներքին թշնամի, նրա վրա կարելի է բարդել բոլոր մեղքերը, բոլոր չարված գործերը, նրա գոյությամբ կարելի է արդարացնել ցանկացած ձախողում` սկսած նեդրումներ չլինելուց, մինչև, անգամ արցախյան խնդրում  ձախողումները ունենալը, և այսպես շարունակ:

Փաշինյանին համակարծիք է պատգամավոր Արման Բաբաջանյանը, նա ևս կարծում է, որ հեղափոխությունը վտանգված է ու հիմա ձեռնամուխ է եղել քաղաքական ուժերի համախմբման` հանուն հեղափոխության փրկության:

Միաժամանակ վերաձևումներ են տեղի ունենում քաղաքական դաշտում:

«Մենք» հաղորդման հյուրը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում