Թրամփի աջակիցները փորձել են խանգարել Գլենդելում Ցեղասպանության ճանաչմանը նվիրված միջոցառումը (լուսանկարներ)

Նախօրեին ամերիկյան Գլենդել քաղաքի հանրային գրադարանում Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել, որը, սակայն, խանգարել են նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները: Նրանց «թիրախը» եղել է Թրամփի ամենահայտնի ընդդիմախոսներից մեկը՝ կոնգրեսական Ադամ Շիֆը:

Ինչպես հայտնել է desertsun.com-ը, Թրամփի աջակիցները դեմ են ԱՄՆ Կոնգրեսում նախագահի պաշտոնանկության հարցով սկսված գործընթացին, որում Ադամ Շիֆն առաջնային դերակատարում ունի:

Tert.am-ի տեղեկացմաբ, աղբյուրը մանրամասնել է, որ Թրամփի աջակիցները ծածանել են «Պաշտոնանկ մի՛ արա» գրությամբ պաստառներ, իսկ երբ Շիֆը սկսել է իր ելույթը, նրանք սկսել են սուլել և խանգարել:

Իրավիճակին միջամտել է Daily Asbarez պարբերականի խմբագիր Արա Խաչատուրյանը, որը, դիմելով Թրամփի աջակիցներին, ասել է. «Սա Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառում է, և եթե ցանկանում եք խանգարել այն, ապա հեռացեք: Չեմ հանդուրժի, որ որևէ մեկն անհարգալից լինի իմ պապիկի  և 1,5 մլն զոհերի հիշատակի նկատմամբ»:

Սակայն նախագահի աջակիցներն անդրդվելի են եղել: Նրանք Շիֆին «ստախոս» են անվանել, կոչ են արել հեռանալ, իսկ հետո Միացյալ Նահանգների օրհներգն են երգել:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև է ընդունել: Ադամ Շիֆը, մեկնաբանելով բանաձևի ընդունումը, նշել էր, որ Ցեղասպանության ընդունումը 19 տարի շարունակ իր առաջնահերթությունների շարքում է եղել: