Մասոնները մտավախություն ունեին, որ կհրապարակվեն ուղեբեռում գտնվող փաստաթղթերը՝ զենքի միջազգային առևտրին իրենց մասնակցության մասին

Իրանի դիվականացումն արևմտյան ԶԼՄ-ներում մտել է նոր շրջափուլ

 Նախկին ահաբեկչի դուստր, ոմն 43-ամյա հորդանանուհի Սահա Կրիսատը հայտարարել է, որ 1988 թվականին շոտլանդական Լոքերբի փոքրիկ քաղաքի վերևում պայթած օդանավը ոչնչացվել է ոչ թե Լիբիայի, այլ պաղեստինցի ահաբեկիչների կողմից, որոնց վճարել է «իրանական վարչակարգը»։ Այս «սենսացիան», որը նման է վատ պիեսի համար գրված սցենարի, հրամցրել է անգլիական «Daily Mail» հեղինակավոր թերթը։

Ոմն նախկին ահաբեկիչ Մարվան Կրիսատի դուստրը պատմել է, թե իր հայրը մահից առաջ իբր խոստովանել է կնոջը (բայց ոչ հենց իրեն՝ դստերը…), որ իր բջջի առաջնորդ Ահմադ Ջիբրիլը գլխավորել է 1988-ին «Pan Am 103» չվերթի ոչնչացման գործողությունը՝ բեռնաբաժնում ճամպրուկի մեջ թաքցրած պայթուցիկի օգնությամբ։ Թերթը նշում է, որ Մարվան Կրիսատի դստեր հավաստիացումը վստահություն է ավելացնում այն վաղեմի վարկածի նկատմամբ, թե Թեհրանն է պատվիրել Նյու Յորք թռչող, հիմնականում ամերիկյան քաղաքացիական անձանց տեղափոխող չվերթի դեմ գրոհը, որպես հատուցում այն բանի, որ ԱՄՆ ՌԾՈՒ-ի հածանավից արձակված հրթիռը դրանից հինգ ամիս առաջ կործանել էր իրանական ուղևորատար օդանավը, սպանելով 290 քաղաքացիական անձանց։

2001թ․ լիբիական հետախուզության աշխատակից Աբդելբասետ ալ-Մեհրահին մեղավոր ճանաչվեց Լոքերբիի վրա օդանավի պայթյունից զոհված բոլոր 270 մարդկանց սպանության մեջ։ Այժմ Սահա Կրիսատը պնդում է, թե իր հայրը կնոջը թողել է փաստաթղթերի գրեթե մի ամբողջ փաթեթ, որը վկայում է այն մասին, թե պաղեստինյան դիմադրության խմբում Մարվան Կրիսատի ղեկավարը Թեհրանից միլիոնավոր ֆունտ ստեռլինգներ է ստացել հարձակումը գլխավորելու համար։ Նա նշել է, որ իր հայրն անձամբ չի մասնակցել Լոքերբիի երկնքում իրականացված չարագործությանը և մեղադրել է դրանում Ջիբրիլին, որն այն ժամանակ «Պաղեստինի Ազատագրության ժողովրդական ճակատ-Գլխավոր հրամանատարություն» կազմակերպության առաջնորդն էր։

Ամմանում գտնվող իր տանը տված հարցազրույցում Սահա Կրիսատն ասել է. «Կարծում եմ, որ նա է կրում պատասխանատվությունը, և նա գործ ունի Իրանի կառավարության հետ։ Ես ապացույցներ ունեմ, որ Ահմադ Ջիբրիլն է պատասխանատու Լոքերբիի համար։ Դրանք կարող են լինել փաստաթղթեր կամ ձայնագրություններ, բայց հիմա դրանք մեր տանը չեն»։ Նա պատմել է, որ իր հայրը լքել է ահաբեկչական բջիջն այն բանից հետո, երբ նրան մեղադրել են դավաճանության մեջ։ Կրիսատը մահացել է երկու տարի առաջ՝ 70-ամյա հասակում։ Համարվում է, որ Ջիբրիլը, որը ներկայումս 80 տարեկան է, գտնվում է Սիրիայում և պատերազմում Բաշար ալ-Ասադի կողմից։

Այստեղ ամեն ինչ, ինչպես ասում են, «կարած է սպիտակ թելերով»։ Տիկինը խոսում է փաստաթղթերի փաթեթի մասին, իսկ հետո հանկարծ՝ ներեցեք, «թղթերը հիմա մեր տանը չեն»։ Հայրն ընդհանրապես արդեն մահացել է, իսկ պատկերացնել նրա ոչ վաղուցվա  80-ամյա առաջնորդին «Բաշար ալ-Ասադի մարտիկի» դերում, անկեղծ ասած, դժվար է, եթե հաշվի առնենք, թե իրականում ինչ ուժեր են ներկայումս դաժան մարտերում պաշտպանում Սիրիայի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ասենք, Սահա Կրիսատի հիշողությունը և ուղեղն էլ, ըստ երևույթին, կարգին չեն։ Եթե նա հետաքրքրվել է հոր կյանքով ու ճակատագրով («մայրիկից լսել է»…), ապա պետք է իմանա, որ Լոքերբիի երկնքում ահաբեկչության գործով 2001թ. հունվարի 31-ին արձակված դատավճիռը հաստատել է լիբիական հատուկ ծառայությունների աշխատակից և Մուամար Քադաֆիի մերձավոր զինակիցներից մեկի զարմիկ Աբդելբասետ Ալի Մահմեդ Ալ-Մեհրահիի մեղավորությունը։ Նրան դատապարտել են ցմահ բանտարկության։

2003թ. Լիբիան ընդունել է իր պաշտոնական անձանց պատասխանատվությունը «Pan Am 103» չվերթի պայթյունի համար, հայտարարելով բառացիորեն հետևյալը. Լիբիան մտադիր չէ ընդունել Լոքերբիի երկնքում իրականացված ահաբեկչության մեղքը, սակայն համաձայնում է նրանում, որ պայթյունը կազմակերպվել է լիբիական պետության պաշտոնական անձանցից մեկի կողմից։ Լիբիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մեջև ձեռք բերված համաձայնությամբ, Լիբիան զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին վճարել է 10-ական մլն դոլար։ 2011թ․ Լիբիայի արդարադատության նախարարության նախկին քարտուղար Մուսթաֆա Մուհամմադ Աբդ-ալ-Ջալիլը Լիբիայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս երկրների զինված ներխուժման նախօրեին «Associated Press» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքն իբր ապացույցներ ունի, թե գնդապետ Մուամար Քադաֆին անձամբ է հրաման տվել պայթեցնել օդանավը Լոքերբիի վերևում։ Այսօր բոլորին հայտնի է, թե ինչով ավարտվեցին տվյալ պնդումները։

Պետք է հիշեցնել, որ 1990թ. օգոստոսին տեղեկատվություն հայտնվեց, որ այդ օդանավի պայթյունի հետևում կանգնած էր «Պ-2» մասոնական օթյակը։ Իտալական «Avvenimenti» շաբաթաթերթին տված հարցազրույցում այն ժամանակ «Եվրոպայում ԱՄՆ ԿՀՎ-ի երկրորդ մարդը»՝ Իբրահիմ Ռացինը հայտարարեց, որ մասոնների գրոհի օբյեկտը Նամիբիայի գծով ՄԱԿ-ի կոմիսար, շվեդ Բերնտ Կառլսոնն էր։ Մասոնները մտավախություն ունեին, որ Կառլսոնը կհրապարակի իր ուղեբեռում գտնվող փաստաթղթերը զենքի միջազգային առևտրին մասոնների մասնակցության մասին։

Շուտով Ռացինի խոսքերը հաստատեց ԿՀՎ նախկին աշխատակից Ռիչարդ Բրեննեկեն։ Համաձայն նրանց պնդումների, ահաբեկչությունների իրականացման տեխնիկական ու ֆինանսական միջոցները «Պ-2»-ը ստանում էր ԱՄՆ ԿՀՎ-ից։ «Պ-2»-ի հետ կապում էին նաև այլ աղմկահարույց սկանդալներ. իտալացի քաղաքական գործիչ Ալդո Մորոյի սպանությունը, բանկատեր Լիչո Ջելլիի «անհետացումը» և այլն։ Նույն 1990 թվականին պարզվեց, որ ահաբեկչությունից ոչ շատ առաջ Մոսկվայում ամերիկյան դեսպանատան ծառայողական գոտում հայտարարությունների տախտակին իբր փակցված է եղել մի թուղթ՝ նախազգուշացումով, որ դեսպանատան աշխատակիցներին խորհուրդ չի տրվում օգտվել հենց այն ուղղությամբ թռչող օդանավերից, որոնցից մեկում տեղի ունեցավ ողբերգությունը։ Բավական հատկանշական է, որ «Pan Am 103»-ը, որի բոլոր տոմսերն ի սկզբանե վաճառված էին, օդ է բարձրացել մեկ երրորդով դատարկ։ Այսինքն՝ ինչ-որ մեկը տեղեկացրել է անհրաժեշտ մարդկանց, որ պետք չէ թռչել այդ օդանավով։

Սյուզեն Լինդաուերը՝ «Ծայրահեղ կողմնակալություն. ԱՄՆ-ում ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի սարսափազդու պատմությունը և ճշմարտության քողարկումը 11/09-ի և Իրաքի ահաբեկչությունների մասին» գրքի հեղինակը, որը 1995թ. մայիսից մինչև 2003թ. մարտը եղել է գաղտնի տեղեկատվության ոչ պաշտոնական փոխանցողը Տրիպոլի և Բաղդադ, դատարանում երդման տակ պատմել է, որ իր աշխատանքը համակարգում էր վերահսկիչ Ռիչարդ Ֆուիշը ԿՀՎ-ից, որն առաջին իսկ օրվանից պնդում էր, թե գիտի Լոքերբիի հանցավոր դավադրության աղբյուրների և ահաբեկիչների ով լինելու մասին։ Նրա կարծիքով, «Pan Am 103» չվերթի օդանավը 1988 թվականին Շոտլանդիայի վերևում պայթեցվեց այն հանցանշանները թաքցնելու համար, որ ԱՄՆ ԿՀՎ-ն թմրանյութերի առևտրով էր զբաղվում Մերձավոր Արևելքում։ Համաձայն Լինդաուերի և Ֆուիշի տվյալների, այդ օդանավով ԱՄՆ էին վերադառնում ԿՀՎ-ի աշխատակիցներ, որոնց նկատմամբ պետք է անցկացվեր ներքին հետաքննություն, և ռազմական հետախուզության աշխատակիցներ, որոնք բացահայտել էին ԿՀՎ-ի առնչությունը Մերձավոր Արևելքում հերոինի առևտրին։ Այսպիսով, ոչնչացվեցին բոլոր վկաները։ Ֆուիշը նույնպես համարում էր, որ ահաբեկչության անմիջական կազմակերպիչը Ահմադ Ջիբրիլն էր, որի մասին ներկայումս պատմել է հորդանանցի «վկան», և որը նույնպես իբր հանցակից է եղել թմրանյութերի առևտրին։ Ահա թե ինչու են Սահա Կրիսատի «ուշացած խոստովանությունները» հիշեցնում 27-ամյա վաղեմության իրադարձությունները, երբ 1991 թվականին Սադամ Հուսեյինի վարչակարգի դեմ ԱՄՆ-ի և իր դաշնակիցների անցկացրած «Փոթորիկ անպատում» գործողության նախաշեմին ԶԼՄ-ներ նետվեցին ներկայիններիս շատ նման մեղադրանքներ։

Արդյոք «Լոքերբիի գործով» նոր մեղադրանքներն Իրանի դեմ համանման միջոց չե՞ն՝ դիվականացնելու իրանական ղեկավարությանը համաշխարհային հասարակայնության աչքում, մերձավորարևելյան տարածաշրջանում Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող նոր ռազմական բախման նախօրեին։ Ամենայն հավանականությամբ, Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ սպասվում են նոր սադրանքներ սիոնիստների և ԱՄՆ-ի կողմից։ Մանավանդ որ, ԱՄՆ-ի ներկայիս պետգործիչներն արդեն բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տա իրանցիներին տոնել Իսլամական հեղափոխության 40-ամյակը, որը նշվելու է 2019թ. փետրվարի 11-ին։ Ժամանակն անցնում է, և ստիպված են օգտագործել նույնիսկ այլ տեղում արդեն նախկինում օգտագործած տվյալներն ու «սցենարները»՝ հիմնված ապատեղեկատվության վրա։

 

Սերգեյ Շաքարյանց