ԱԱԾ-ն հրապարակել է ինքնակամ մեծ քանակության զենք և ռազմամթերք հանձնելու մասին տվյալներ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում, վերջին մեկ ամսում հանրապետության տարբեր մարզերի բնակիչներ ինքնակամ հանձնել են մեծ քանակության զենք և ռազմամթերք:
Մասնավորապես՝ դեկտեմբեր–հունվար ամիսներին ՀՀ Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի մի շարք քաղաքացիներ ՀՀ ԱԱԾ մարզային վարչություններ ինքնակամ ներկայացրել են մեծ քանակության զենք և ռազմամթերք, այդ թվում՝ հակատանկային նռնականետեր, ինքնաձիգեր, հակահետևակային ականներ, պայթուցիչներ, նռնակներ, պայթուցիկ նյութեր, պահունակներ, տարբեր տրամաչափի շուրջ 2000 փամփուշտներ:
ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով՝ զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերն ու սարքերը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում։
Ազգային անվտանգության ծառայությունը վերահաստատում է, որ ապօրինի զենք-ռազմամթերքի դեմ պայքարը կրելու է շարունակական բնույթ, և, ըստ այդմ, քաղաքացիներին կոչ է անում ապօրինի պահվող զինամթերքը հանձնել իրավապահ մարմիններին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։