Հունական Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի՝ Հաագայի դատարանում…

Աշխարհում սկսվում է, հավանաբար, ամենաբարդ դատական գործերից մեկը, որը ընդհանրապես կարող է լինել երկու երկրների միջև: Դեկտեմբերի 6-ին բրիտանական «Reuters» գործակալությունը հայտնել է, որ Կիպրոսի Հանրապետության կառավարությունը դիմել է Հաագայի ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածում ապօրինի գազի արդյունահանման պատճառով։ Ավելի ստույգ՝ Կիպրոսի Հանրապետության անմիջական հարևանությամբ:

Ինչպես հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, պաշտոնական Նիկոսիան պարտավոր է պաշտպանել իր ինքնիշխան իրավունքները բոլոր հնարավոր իրավական միջոցներով: «Մեր դիմումը Հաագա հետապնդում է հենց այդ նպատակը», – շեշտել է հույն-կիպրոսցիների նախագահը: Մենք դիտավորյալ ենք գրում «հույն-կիպրոսցի»: Չէ՞ որ Կիպրոս կղզու հյուսիսային մասը դեռևս օկուպացված է թուրքական զինուժի կողմից: 1974-ի ամռանից սկսած՝ թուրքերը, նախապես իրականացնելով հույների և հայերի ցեղասպանություն, յուրացրել են Հյուսիսային Կիպրոսը՝ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» տեսքով: Բայց բոլորն էլ գիտեն, որ իրականում դա օկուպացիոն ռեժիմ է,  ընդ որում՝ ֆաշիստական ​​մարդասպան ռեժիմը:

Ի պատասխան նախագահ Անաստասիադիսի հայտարարությունների՝ Թուրքիան հայտարարել է, որ Կիպրոսը գազի արտադրության լիցենզիա առաջարկելու իրավասություն չունի, ինչպես նաև այն մասին, որ որոշ գոտիներ (գազի վիճելի հորեր) ներխուժում են Թուրքիայի ծովահատակ: Թե այդ ինչ հիմքով Կիպրոսը «իրավասություն չունի» իր տարածքում, թուրքերը, իհարկե, չեն խոսում և չեն գրում: Մեր կարծիքով Անկարան իզուր է որոշել «լռել» այս կարևոր հարցի շուրջ: Իսկապես, ամեն դեպքում, միջազգային օրենսդրության համաձայն՝ օկուպացված տարածքները Կիպրոսի Հանրապետության հողերն են, և ոչ Թուրքիայի: Բացի դրանից, համաշխարհային հանրությունն արդեն սովոր է այն փաստին, որ Կիպրոսը հանդիսանում է ԵՄ անդամ պետություն 2004 թվականից: Համաշխարհային հանրությունը սովոր է նաև այն փաստին, որ հույն կիպրոսցիները բազմիցս դիմել են դատարաններ՝ Թուրքիայի դեմ դատական ​​գործերով և մեղադրանքներով:

Կղզու հյուսիսային հատվածի թուրքական օկուպացման հետևանքով իրենց իրավունքների խախտման համար հույն կիպրոսցիների կողմից բազմիցս հնչած դիմումներից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) գտել է, որ Թուրքիան պատասխանատու է կիպրոսցիների իրավունքների ոտնահարման համար, որոնք ստիպված են եղել լքել իրենց տներն ու հողերը Հյուսիսային Կիպրոսում (Լուիզիդու ընդդեմ Թուրքիայի 1996 թ.): 2009-ին ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է վճարել 13 միլիոն եվրո փոխհատուցում Հյուսիսային Կիպրոսում հույն կիպրոսցիների սեփականության իրավունքի խախտումների համար:

2014 թվականի մայիսի 12-ին Ստրասբուրգում ՄԻԵԴ-ի Մեծ պալատը որոշում է կայացրել Թուրքիայից, հօգուտ Կիպրոսի Հանրապետության, բռնագանձել 90 միլիոն եվրո փոխհատուցում՝ 1974 թվականից Հյուսիսային Կիպրոսում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման համար, որից 30 միլիոնը պետք է ստանան անհայտ կորած կիպրոսցիների հարազատները, իսկ 60 միլիոնը`Կարպաս թերակղզուց տուժած հույն կիպրոսցիները: Հաջորդ օրը Թուրքիան պաշտոնապես հրաժարվել է կատարել Եվրոպական դատարանի այս որոշումը: «Մենք այդ գումարը չենք վճարելու մի երկրին, որը մենք չենք ճանաչում»,- հայտարարել է Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Այս արտահայտությունից ակնհայտ է, որ Կիպրոսի խնդրի լուծման հիմնական խոչընդոտը հենց Թուրքիայի գոյությունն է: Կարո՞ղ է արդյոք խաղաղություն լինել, եթե Անկարան չի ճանաչում այն փաստաթուղթը, որի տակ կա նաև իր՝ Անկարայի, ստորագրությունը: Խոսքը 1960թ․ Կիպրոսի անկախության երաշխիքների մասին պայմանագրի մասին է, համաձայն որի՝ անկախության երաշխավորներն էին Հունաստանը, Թուրքիան և բրիտանական Միացյալ Թագավորությունը: Ի դեպ, 1974թ․ Թուրքիան արդարացրել է իր ագրեսիան Կիպրոսի դեմ հենց այդ Պայմանագրով իր ստանձնած «անկախության երաշխավորի» պարտավորություններով: Եվ հանկարծ, 2014-ին Անկարան հայտարարել է, որ «չի ճանաչում Կիպրոսը»: Իսկ 1960թ․ պայմանագի՞րը: Թուրքերը միշտ այսպես են վարվում. երբ ձեռնտու է՝ հղում են կատարում միջազգային փաստաթղթերին, իսկ երբ ձեռնտու չէ, ապա՝ «մենք չենք ճանաչում այս երկիրը»:

Նույնիսկ եթե ենթադրենք, որ Հաագայի դատարանը կորոշի հօգուտ Կիպրոսի, մենք կարող ենք նախապես ասել, որ թուրքերը կարձագանքեն մոտավորապես այնպես, ինչպես Դավութօղլուն 2014թ․: Հաագայի դատարանի որոշումը գործնական նշանակություն չի ունենա․ Անկարան չի հնազանդվի: Իսկ աշխարհը դեռևս չի եկել միասնական եզրակացության․ ինչպե՞ս ստիպել թուրքերին պահպանել և կատարել միջազգային դատարանի որոշումները, եթե ոչ ոք չի ցանկանում վերջ տալ այս ելուզակային երկրի՝ Թուրքիայի, գոյությանը… Ընդգծեմ՝ Կիպրոսի խնդրի այսօրվա վիճակը պետք է ամենից շատ ուսանելի լինի հենց Հայաստանի և Արցախի համար. որտեղ թուրքն է «երաշխավոր», այն էլ՝ քո անկախության համար, այնտեղ անպայման լինելու է ցեղասպանություն և քո տարածքի զավթում-յուրացում… Հայեր, մի մոռացեք հույն- կիպրոսցիների սխալների մասին: Չէ՞ որ Կիպրոսի խնդիրը սկիզբում շատ նմանն էր մեր «Միացում» համազգային շարժմանը… Հույները իրենց ազատագրական պայքարը անվանում էին «Էնոզիս»…

Սերգեյ Շաքարյանց