Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԴ-ում նոր պաշտոն է ստացել

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրամանով հաստատվել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Փորձագիտական խորհրդի նախագահության կազմը: Խորհրդի համակարգող է նշանակվել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը:

Բացի Վոլոշինից, նախագահության կազմում են  Ռուսաստանի կառավարության նախկին երեք ղեկավարներ Վիկտոր Զուբկովը, Սերգեյ Ստեպաշինը և Միխայիլ Ֆրադկովը: Ինչպես տեղեկացրել է «Իներֆակս» գործակալությունը, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս հանդիսանում է խորհրդի անդամ, որպես Գազպրոմբանկի խորհրդի խորհրդական: Նա միաժամանակ հանդիսանում է Ռուսաստանի «Զարուբեժնեֆտ»-ի տնօրենների խորհրդի անդամ:

Նախագահության կազմում ընդգրկված են նաև ռեկտորներ, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին և այլք:

Ի դեպ, Փորձագիտական խորհրդի նախագահությունը նոր, մշտական մարմին է: Ընդհանուր առմամբ 15 մարդ կա կազմում: Այն սահմանում է Փորձագիտական խորհրդի գործունեության հիմնական ոլորտները և ձևավորում իր դիրքորոշումը կառավարության լիազորությունների հետ կապված ռազմավարական հարցերի վերաբերյալ: