ԱՄՆ սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի Հանրապետություն արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է ԱՄՆ սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը։

«ԱՄՆ սենատի կողմից 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը: Շնորհակալություն ենք հայտնում սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին և ԱՄՆ սենատի բոլոր անդամներին»,- գրել է նախարար Մնացականյանը։

Նշենք, որ ԱՄՆ սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը։

Բանաձևը, մասնավորապես, սահմանում է.

1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով,

2) մերժել Հայոց ցեղասպանությունը կամ ցանկացած այլ ցեղասպանություն ժխտելու գործին Միացյալ Նահանգների կառավարությանը ներգրավելու ջանքերը,

3) խրախուսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերի հանրայնացումն ու ուսուցանումը՝ հաշվի առնելով Միացյալ նահանգների դերը մարդասիրական աջակցություն ցույց տալու ջանքերում և Հայոց ցեղասպանության արդիականությունը մարդկության դեմ կատարվող մերօրյա հանցագործությունների համատեքստում:

Բանաձևի նախաձեռնությունը պատկանում է սենատորներ Ռոբերտ Մենենդեսին և Թեդ Քրուզին:  Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն առաջին անգամ է ընդունվում ԱՄՆ սենատում:

Հիշեցնենք, որ բանաձևն ԱՄՆ սենատին էր ներկայացվում չորրորդ անգամ, նախորդ 3 անգամները այն չէր հասել ընդունման՝ տարբեր կոնգրեսականների կողմից վետո կիրառվելու պատճառով: Առաջին անգամ վետո էր կիրառել հանրապետական կոնգրեսական Լինդսի Գրեհեմը, երկրորդ անգամ՝ դարձյալ հանրապետական Դեյվիդ Փերդյուն, որոնք երկուսն էլ նշել էին, որ այդպես են վարվել Սպիտակ տան ներկայացուցիչների խնդրանքով՝ խոստանալով երկրորդ անգամ այն Սենատ բերելու դեպքում վետո չկիրառել: Բանաձևը երրորդ անգամ էր Սենատին ներկայացվել դեկտեմբերի 5-ին, այդ անգամ էլ արգելափակվելով Հյուսիսային Դակոտայից ընտրված սենատոր Քևին Քրամերի կողմից:

Վետոյի կիրառումից հետո դեկտեմբերի 5-ին բանաձևի համահեղինակ Մենենդեսը հայտարարել էր, որ պատրաստվում է այն ԱՄՆ սենատ բերել ամեն շաբաթ: