Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցը նոր չէ, այն տարիներ շարունակ Երևանի և Ստեփանակերտի օրակարգում էր. փորձագետ

LIVEnews.am-ի զրուցակիցն է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, միջազգայնագետ Հերմինե Մխիթարյանը

Արցախի նախկին վարչապետ, Արցախի Հանրապետության 2020 թ նախագահական ընտրությունների թեկնածու Արայիկ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ ընթացող գործընթացներին՝ հայտնել է, թե չի կարող լինել բանակցություն առանց Արցախի՝ գլխավոր կողմի, իսկ ՀՀ իշխանություններն ու Ադրբեջանի իշխանություններն ընդամենը հանդիպումներ էին ունենում, ինչ-որ փաստաթղթեր քննարկում, որոնք անընդունելի են հայ ժողովրդի համար։ Նրա գնահատմամբ՝ այսօր ևս չի ընթանում որևէ բանակցություն, ընդամենը կոշտացել է Արցախի դիրքորոշումը Արցախի ինքնորոշման իրավունքը, անկախությունը սակարկման թեմա չէ, չի կարող քննարկվել ու լինել բանակցությունների թեմա, դա մեզ համար նախապայման է եղել։ Նա նաև ասաց, որ մինչև այսօր քննարկվող բոլոր բանաձևերին դեմ են եղել, այդ թվում՝ Մադրիդյան սկզբունքներին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

– Մինչև Բրատիսլավայում բոլորովին վերջերս՝ դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած հանդիպումը, պաշտոնական Երևանից ևս բավական հաճախ էին հնչում նմանաբնույթ հայտարարություններ, որ այսօր բանակցություններ դեռ չկան, որ դրանք մտքերի փոխանակում են, քննարկումներ, զրույցներ: Բայց Բրատիսլավայի հանդիպման արդյունքներն ամփոփող համանախագահների հայտարարությունը շատ հստակ տվեց սրա պատասխանը. ոչ միայն բանակցում ենք այսօր, այլև ԵԱՀԿ Մինսկի խումբը ողջունում է «2020-ի սկզբին համանախագահների հովանու ներքո կրկին հանդիպելու մտադրությունը, որը նպատակաուղղված է առավել ինտենսիվ դարձնելու խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների շուրջ բանակցությունները»:

Ինչ վերաբերում է Արցախի՝ բանակցային սեղանին եղած փաստաթղթերին դեմ լինելուն, ապա այստեղ մի շատ կարևոր հանգամանք պիտի հստակ ամրագրենք: Նախ, վարչապետ Փաշինյանի կողմից արդեն մի քանի անգամ բարձրաձայնվել է, որ Արցախի ու Հայաստանի մոտեցումները բոլոր հարցերում նույնական են: Մեկ անգամ չէ, որ նշել ենք այս թեզի վտանգավոր լինելու մասին, բայց հիմա խոսքը դրա մասին չէ: Եթե Արայիկ Հարությունյանը՝ որպես Արցախի պոտենցիալ նախագահ, որևէ կերպ չի արձագանքում այս պնդումներին, ուրեմն ստացվում է, որ համաձայն է նաև այն փաթեթին ու այն դրույթներին, ինչի շուրջ այսօր բանակցում է Նիկոլ Փաշինյանը: Եվ այս ամենից դուրս խոսել այն մասին, որ իրենց մոտեցմամբ հիմա բանակցություններ չկան, կամ որ միևնույն է, բանակցային սեղանին եղած փաթեթն իրենք չեն ընդունում, դժվար է մեկնաբանել այլ կերպ, քան նախընտրական քարոզչություն:

Մյուս կողմից էլ Արայիկ Հարությունյանի համար ընդունելի է ՀՀ իշխանությունների ընտրած ուղին՝ կուրսը խնդրի կարգավորման ուղղությամբ, որի մասին, ըստ նրա, Արցախի ժողովուրդը խոսում է 30 տարի։ Խոսքն Արցախը բանակցային սեղան վերադարձնելո՞ւ մասին է, որն, ի դեպ, վերջերս փոխարինվեց ՀՀ կառավարության այլ դիրքորոշումներով՝ երեք կողմերի համար ընդունելի ու հարմար տարբերակ գտնելու և այլն։

– Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին ոչ միայն խոսվել է պաշտոնական Ստեփանակերտից, այլև այդ ուղղությամբ մշտապես աշխատանքներ են տարել ՀՀ նախկին իշխանությունները: Հարցը տարիներ շարունակ Երևանի և Ստեփանակերտի արտաքին քաղաքական օրակարգում էր: Նիկոլ Փաշինյանի՝ 2018-ի մայիսին արած հայտարարությունը, որ Արցախը պիտի վերադառնա բանակցային սեղան, այս իմաստով նոր չէր, բայց պահանջում էր հետևողականություն և քայլեր՝ ռիսկերն ու մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ: Այս հարցում մեր բացթողումների հետևանքները արդեն տեսանելի են՝ ի դեմս Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ակտիվացման:

Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու դեպքում Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց նախագահ ընտրվելու դեպքում այդ սեղանի մոտ հանդուրժել նաև Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանցիների համայնքի ղեկավարին՝ որպես շահագրգիռ կողմ։ Փոխարենը նա ասաց, որ այդ քննարկումների համար պարտադիր պայմանը Արցախի ինքնորուշման ճանաչումն է։ Այս մասին երեկ խոսել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ նշելով, որ «Վարչապետը հայտարարել է՝ խնդիր չի տեսնում, որ բանակցությանն Ալիևի հետ գան նաև իրենց ԼՂ ադրբեջանական համայնք համարող մարդիկ։ Վտանգավո՞ր են նման հայտարարությունները և ի՞նչ հաղորդագրություն են պարունակում, ըստ ձեզ։

– Այո, նման հայտարարությունները վտանգավոր են, և ըստ էության այսօր գործ ունենք ադրբեջանական սցենարի հետ, որը հետևողականորեն կյանքի է կոչվում: Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը ակտիվացնելու և առաջին պլան մղելու քաղաքականությունը Բաքուն ակտիվացրեց 2018-ի մայիսից՝ վարչապետ Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին հայտարարություններից հետո: Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ դեմ չէ՝ Արցախը մասնակցի բանակցություններին, բայց նրանց դիմաց պիտի նստեն Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները: Սա Բաքվի քաղաքականությունն է՝ կոնֆլիկտը միջհամայնքային ձևաչափ տեղափոխելու ուղղությամբ: Կարծում եմ՝ ավելորդ է խոսել այն մասին, թե ինչ վտանգներ է պարունակում մեզ համար. այն, ըստ էության, խեղաթյուրում է հակամարտության էությունը: Այսօր, երբ Արցախը դեռ չի վերադարձել բանակցային սեղան և ակնկալիքներն էլ այս առումով մեծ չեն, կարծում եմ՝ նպատակահարմար չէ խոսել այս համայնքի՝ բանակցություններին մասնակցելու մասին:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ իր հերթին հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը գործընթացները վերադարձնում է այն ձևաչափին, որը ձևավորել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Խոսքը խնդրի կարգավորման փուլային տարբերակի մասին է, որը 1998թ․ պատճառ դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի համար։ Եվ հետաքրքիր է, որ իշխանական օղակներից որևէ հերքում կամ հակադարձում չեղավ։ Ձեր տեսակետը Լևոն Զուրաբյանի ասածի վերաբերյալ։

– Արցախյան խնդրի լուծման փուլային տարբերակը Ադրբեջանի առաջարկած և Ադրբեջանի համար ընդունելի մոդելն է: Հայկական կողմի շահերից է բխում խնդրի լուծման փաթեթային տարբերակը, որտեղ կարգավիճակի հարցը որևէ կերպ անորոշ ապագային թողնելու ռիսկերն ու վտանգը չկան: Հուսով եմ՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները հավատարիմ կմնան բացառապես մեր շահերից բխող մոտեցումներին, և այս հարցում ևս կվերադառնանք նախկին քաղաքականությանը, ինչպես դրա ականատեսը եղանք Բրատիսլավայում ԱԳ նախարարի հրապարակած դիրքորոշման հարցում: Ի դեպ, այս դիրքորոշումն էլ դեռ ճշգրտման և բացթողումները լրացնելու կարիք ունի: Բայց, այնուամենայնիվ, դիրքորոշման առկայությունն արդեն դրական է:

Թագուհի Ասլանյան