Թուրքիայի գործողությունները Սիրիայում հանգեցնում են տարածաշրջանի թրքացմանը․ Բաշար Ջաֆարի

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին տեղեկացրել է, որ Սիրիայի հյուսիսում թուրքական գործողությունները հանգեցնում են տարածաշրջանի թրքացմանը։ «ՌԻԱ Նովոստիի»  տեղեկացմամբ, Դամասկոսն այս հարցը բարձրացրել է Նուր Սուլթանում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում:

«Սիրիայի հյուսիսում թրքացման գործընթացի մասին խոսել ենք Աստանայում։ Թուրքերը կախում են իրենց դրոշները, դպրոցներում մտցնում են իրենց ժամանակացույցները, նաև թուրքերին նշանակում են պաշտոնների և փոխում են գործընթացները՝ ոտնահարելով միջազգային իրավունքը»,- մեկնաբանել է Ջաֆարին։

Նա նշել է նաև, որ թուրքական իշխանությունները հենց այս պահին իրականացնում են այդ գործողությունները։

«Սիրիայի հյուսիսային մասում Թուրքիայի բացասական մտադրությունները լայնորեն քննարկվել է մեր բանակցությունների ընթացքում: Մենք բացատրել ենք Թուրքիայի կողմից նման գործողությունների սպառնալիքներն ու վտանգները, նաև խոսել ենք սիրիական հուշարձանների գողությունների մասին և տեղեկացրել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Նյու Յորքում գտնվող կենտրոնակայանին»,- ավելացրել է Ջաֆարին։

Բանակցությունների տասնչորսերորդ փուլը Սիրիայի հարցով «աստանյան» ձևաչափով շարունակվում են այսօր՝  չորեքշաբթի՝  Նուր Սուլթանում:

Հանդիպմանը մասնակցում են երաշխավոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Սիրիայի կառավարության և սիրիական զինված ընդդիմության պատվիրակությունները։ Դիտորդի կարգավիճակով հանդիպմանը մասնակցում է  ՄԱԿ պատվիրակությունը՝ Սիրիայի հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեիր Պեդերսենի գլխավորությամբ: