Կրեմլը մեկնաբանել է Լավրովի և Թրամփի հանդիպումը

Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, որը տեղի է ունեցել նախօրեին՝ Վաշինգտոնում: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Փաստը, որ ՌԴ նախարարին ընդունել է ԱՄՆ նախագահը, կարևոր է։ Այլ հարց է, որ դեռևս չենք կարող խոսել որևէ երկկողմ դրական փոփոխությունների մասին, բայց նմանատիպ հանդիպումները կարևոր են»,- մեկնաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Լավրովը ժամանել է Վաշինգտոն: Բացի Թրամփի հետ հանդիպումից, որը տևել է մոտ 45 րոպե, Լավրովը բանակցություններ է վարել նաև պետքարտուղար Մայք Փոմպեոյի հետ:

Ըստ Լավրովի՝ Թրամփը հասկանում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լավ հարաբերությունների առավելությունները:

Միևնույն ժամանակ, Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ում ոչ բոլորն են կիսում այս դիրքորոշումը՝ փորձելով «ամեն կերպ դանդաղեցնել» հարաբերությունների կարգավորումը՝  նոր պատժամիջոցների կիրառմամբ:

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում «շատ լավ» է գնահատել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելի կլինի։