Ռուսաստանը վարկ է տրամադրում Իրանին

Ռուսաստանը համաձայնել է միլիարդներ հատկացնել Իրանին: Լուծումը միանգամայն սպասելի է. մինչ Եվրոպան ստում է Իրանին, իրականում փորձելով «մեղմորեն ստիպել» Իրանին հանձնվել, համենայնդեպս տնտեսական առումով, Թեհրանում՝ վաղուց արդեն գիտակցելով ամեն ինչ, օժանդակ ռեսուրսներ են որոնում Իսլամական հեղափոխության տնտեսական մասի համար, ինչպես ամիսներ առաջ կրկնել է Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնին Խամենեին: Եվ Ռուսաստանն առաջիններից մեկն էր, որ համաձայնել է օգնել Իրանի ղեկավարությանը: Դա ավելի շեշտեց այն, որ այսօր Ռուսաստանն ու Իրանն իսկապես «միևնույն նավի մեջ են»: Ընդ որում ոչ միայն նրանք․ չինական հսկան նույնպես Ռուսաստանի և Իրանի կողմում է:

Նախապատմությունը պարզ է. Իրանի լրատվամիջոցները չեն թաքցրել դա: Դեռ նոյեմբերի 20-ին, այսինքն` իրանական քաղաքների փողոցներում «բենզինային վակխանալիան» ճնշելուց գրեթե անմիջապես հետո, իրանական Մեջլիսը հաստատել է, որ կառավարությանը կթույլատրվի 5 միլիարդ դոլարով վարկեր ստանալ Ռուսաստանից՝ զարգացման նախագծերի համար: Այստեղ մենք հիշեցնում ենք, որ առաջին անգամ Թեհրանին Ռուսաստանի ֆինանսական օգնության մասին խոսակցությունը սկսվել է 2015-ի հոկտեմբերին, երբ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը այցելել է Թեհրան: Այդ ժամանակ Նովակն ասում էր, որ Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են 40 միլիարդ դոլար արժողությամբ նախագծերի շուրջ: Շեշտում ենք` համատեղ նախագծերի համար, բայց՝ Իրանի ենթակառուցվածքում: Միևնույն ժամանակ Ռուսաստանում ասել էին, որ առաջին փուլում ՌԴ-ն Իրանին տրամադրելու է 5 միլիարդ ԱՄՆ դոլար վարկ համատեղ ենթակառուցվածքային նախագծերի համար: Եվ ահա 4 տարի անց, առաջընթաց կա այս ուղղությամբ: Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիյանն ասել է, որ մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու Իրանի և Ռուսաստանի Համատեղ տնտեսական հանձնաժողովի 16-րդ նիստին և կատարելու հանձնաժողովի 15-րդ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները: Եվ ի թիվս այլ հարցերի՝ քննարկելու է Ռուսաստանի կողմից 5 միլիարդ դոլար վարկ տրամադրելու հարցը՝ Իրանում զարգացման նախագծերի իրականացման համար, հայտնում է IRNA գործակալությունը:

Իսկ այաթոլլահ Խամենեիի մերձավոր ISNA գործակալությունը դեկտեմբերի 5-ին մանրամասնել է. Իրանն ակնկալում է ՌԴ-ից 5 միլիարդ դոլար վարկ ստանալ և այն ուղղել ենթակառուցվածքային մի քանի նախագծերի՝ կառուցել էլեկտրակայան Հորմոզգան նահանգում, «Գոտվանդ» հիդրոէլեկտրակայան, զարգացնել «Սիրիկ» ջերմաէլեկտրակայանը և արդիականացնել Ահմազում գտնվող «Ռամին» էլեկտրակայանը: Ինչպես հայտնել է նույն Ռեզա Արդականիյանը, նախատեսվում է միջոցներ ներդնել նաև Գարմսար-Ինչե Բուրուն երկաթուղու էլեկտրաֆիկացման և Զահեդան-Բիրջանդ երկաթուղու կառուցման համար: Բացի դրանից, վարկի մի մասը կուղղվի մետրոյի հազարավոր վագոնների արտադրությանը: Եվ մի կարևոր լրացում. միջոցների մի մասը Իրանը կտրամադրի բենզինի գների նոյեմբերյան թանկացումից առավել տուժած քաղաքացիներին՝ որպես ֆինանսական աջակցություն… Ի դեպ, այս նախարար Արդականիյանը շեշտել է, որ Իրանը դեռ չի ստացել կամ չի օգտագործել վարկը, հայտնում է «Prime»- ը:

Ճիշտ է, դեռ նոյեմբերի 12-ին, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի տվյալների, հայտնի էր, որ Ռուսաստանը պատրաստ է համատեղ նախագծերի համար նույնիսկ 7 միլիարդ դոլար հատկացնել Իրանին: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել պետության կողմից 5 միլիարդ վարկ տրամադրելու մասին, և ևս 2 միլիարդ պետք է հատկացնի Վնեշէկոնոմբանկը»,- հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: Իսկ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի առաջին տեղակալ Մոջթաբա Խոսրութաջը չի բացառել նաև 8 միլիարդ դոլարի վարկը: Այնուամենայնիվ, առայժմ իրանական և ռուսական ԶԼՄ-ները հիշատակում են միայն 5 միլիարդը: Հանուն արդարության՝ Իրանը դեռևս 2018-ին, երբ քննարկում և հաստատում էր 2019-ի պետական ​​բյուջեն, արդեն իսկ նախատեսել էր Ռուսաստանից դրամական միջոցներ ստանալ նույն՝ 5 միլիարդ դոլարի չափով: Այսինքն, և Իրանը, և Ռուսաստանը շատ լավ գիտեին և նույնիսկ «կռահել էին» այն ժամանակը, երբ առավել նպատակահարմար կլիներ հրապարակել Իրանին ռուսական վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը: Հուսանք, որ երկու երկրների թշնամիները (էլ չենք ասում՝ ընկերները և դաշնակիցները) պարզապես պետք է իմանային, որ Մոսկվան և Թեհրանը զբաղված էին բացառապես այն ժամանակի ընտրությամբ, թե երբ կատարեն այդ քայլը և իրականացնեն անցած տարվա նախնական պայմանավորվածությունները:

Սերգեյ Շաքարյանց