Կասկադ համալիրի վերևի հարթակը փլուզման վտանգի տակ է․ քաղաքաշինության կոմիտեն խուսափում է մեր հարցերին լիարժեք պատասխանել

Երևանում քիչ չեն պատմաճարտարապետական բարձրարժեք և յուրատիպ ձեռագիր ունեցող հուշարձանները, որոնք համալրում են մայրաքաղաքի դիտարժան, քաղաքին հմայք ու հոգևոր, գեղագիտական բովանդակություն հաղորդող և զբոսաշրջության համար գրավիչ վայրերի հարուստ ցանկը: Դրանցից մեկն էլ թերևս Կասկադ համալիրն է՝ Երևանի հենց կենտրոնում: Միակ բանը, որ խաթարում է Կասկադի ներդաշնակությունն ու գեղեցկությունը, համալիրի վերևի հարթակում գտնվող փոսորակն է։ Ժամանակի ընթացքում այդ փոսորակի մի հատվածը մոտակայքում ապրողների համար կենցաղային աղբավայրի է վերածվել։ Մի կողմից փոսը լցվող աղբի, մյուս կողմից անձրևի, արևի տակ մնալուց ժանգոտած ու քայքայված շինարարական ամրանների ու ճաք տված բետոնի պատճառով Կասկադի բարեկարգ աստիճաններով դեպի Հաղթանակի զբոսայգի բարձրացողների համար տխուր պատկեր է բացվում, ինչն ամենևին պատիվ չի բերում ոչ մեր քաղաքին, ոչ համալիրին։

Այդ հատվածում, ըստ Քաֆեսճեանի նախագծի, նախատեսվում էր արվեստի կենտրոն-թանգարան կառուցել՝ մեծածավալ մի շինություն, որտեղ պետք է ամփոփվեին բարերարի անձնական հավաքածուի բազմաթիվ նմուշներ։ Այդ նպատակով ժամանակին Կասկադի վերին հատվածից առանձնացվեց մոտ 120 մետր երկարությամբ հողակտոր, որտեղ էլ մեկնարկեցին թանգարանի կառուցման աշխատանքները։ Բայց ապագա շինության միայն հիմքերը դրվեցին, քանի որ հատկացված գումարն ավելիին չբավարարեց։

Շինաշխատանքներն անավարտ մնացին, իսկ փորված փոսը դարձավ վտանգավոր

Ավելի քան տասը տարի առաջ փորված տարածքն այսօր լուրջ սպառնալիք է դարձել Կասկադի այցելուների, մոտակայքի բնակիչների համար՝ առաջացնելով նաև տնտեսական, բնապահպանական խնդիրներ։ Մեզ հետ զրույցում ՃՇՀԱՀ-ի պրոֆեսոր, տնտեսական գիտությունների թեկնածու, «Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամի նախկին ավագ վերահսկիչ Ստեփան Ղամբարյանը, որը նաև ղեկավարել է Կասկադի շինարարական աշխատանքները, վերահսկել դրանք, հավաստիացրեց, որ ամեն րոպե Կասկադի ցուցահարթակի փլուզման վտանգ կա, որը, Աստված մի արասցե, կարող է մարդկային զոհերի պատճառ դառնալ։

«Չորս սյուները, որոնց վրա հենված է ցուցահարթակը, «Գաֆեսճեան» հիմնադրամի միջոցներով ժամանակին ամրացվեցին երկաթբետոնե պատվածքով, երբ մեկնարկել էր թանգարանի շինարարությունը: Այլապես կառույցն ամեն պահի կարող էր փլուզվել, քանի որ հենասյուները քայքայվել էին, թուլացել։ Բայց այսօր էլ այդ սպառնալիքը չի վերացել, քանի որ սյուների հիմքերը թանգարանի համար փորված փոսորակին շատ մոտ են, և անընդհատ հողմահարվող շեպը՝ զառիվերը, հնարավոր է մի օր չդիմանալ սյուների ծանրությանը»,- մեզ հետ զրույցում ասաց Ստեփան Ղամբարյանը։ Ըստ նրա՝ ցուցահարթակի փլուզումը կարող է արագացնել միջին հզորության երկրաշարժը կամ ջրհեղեղը, մանավանդ եթե հաշվի առնենք որ ցուցահարթակի երկաթբետոնե հեծանների ճաքերն օրեցօր ավելի են խորանում և ավելանում, իսկ ցուցահարթակը չունի ջրահեռացման համակարգ: Անձրևաջուրը ցուցահարթակի մակերեսով հոսում է դեպի թիկունք, հավաքվում է այնտեղ, լճանում, որից հետո առաջացած ճեղքերով դանդաղ ներծծվում է բնահողի մեջ: Խոնավանալով բնահողը կարող է մի օր չդիմանալ: Իսկ ցուցահարթակի փլուզումը կաթվածահար կանի մոտակա ճանապարհները՝ տևական խցանումներ առաջացնելով, տնտեսական վնաս հասցնելով պետական բյուջեին և ի վերջո մարդկային զոհերի պատճառ դառնալով։

Խնդրահարույց է նաև փոսորակից դուրս բերված հիմնականում ժայռային բնահողը, որը շինաշխատանքների ժամանակ լցրել են մոտակա լանջին։ Լիցքի քաշը 1-1,5 մլն տոննա է, և եթե ցուցահարթակը փլվի, ապա հողի այդ զանգվածը կամ դրա մի մասը կսահի դեպի ներքև՝ իր հետ տանելով ճանապարհին կառուցված բնակելի տները: Այդ ռիսկերը չեզոքացնելու նպատակով թանգարանի շինարարության ընթացքում նախատեսվում էր փոսորակի եզրին հենապատ կառուցել, իսկ կուտակված բնահողը տեղափոխել «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածք, որը ևս պատկանում էր պարոն Ջ. Գաֆեսճեանին: Բայց ֆինանսական միջոցները չբավարարեցին այդ լուծումների համար, թեև հողի տեղափոխումը սկսվել էր, դա էլ անավարտ մնաց։

«Եթե հնարավորություն չկա թանգարանը կառուցելու, գոնե պետք էր ամեն ինչ նախնական տեսքին վերադարձնել: Այն ժամանակ մոտ 400 հազար խմ գրունտ փորվեց-հանվեց փոսորակի համար: Շինարարությունը դադարեցնելուց հետո, երբ պարզ դարձավ, որ ֆինանսական հոսքեր այլևս չեն լինելու, հարկավոր էր հետլիցք անել, որպեսզի այսօր դամոկլյան սրի պես կախված վտանգը չեզոքացվեր: Բայց կառուցապատողը չարեց դա, իսկ պետությունն էլ որևէ ձևով չի ցանկանում միջամտել ու լուծում տալ խնդիրներին»,- մտահոգվում է մեր զրուցակիցը:

Պետական կառույցները ձեռքները լվացել են

Կասկադ համալիրի տարածքում շինարարության դադարեցումից հետո Ստեփան Ղամբարյանը, ինչպես նաև Կասկադ համալիրի նախագծի հեղինակներից ճարտարապետ Ասլան Մխիթարյանը, և Էդուարդ Բալասանյանը դիմել են Երևանի քաղաքապետարան, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե՝ ահազանգելով իրենց մտահոգությունների, Կասկադ համալիրի վերին հարթակում առաջացած վտանգների մասին: Դեռ 2014 թվականին Երևանի քաղաքային իշխանություններին հասցեագրած դիմումին ի պատասխան՝ նրանց տեղեկացրել են, որ քաղաքապետարանի համապատասխան վարչության մասնագետների կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դիտահարթակի վիճակն իրոք վատթարանում է, և անցանկալի հետևանքներից խուսափելու համար «Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամի տնօրինությանը կպարտադրվի շարունակել շինարարական աշխատանքները և շուտափույթ ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցներ։ Սակայն համապատասխան միջոցներ ձեռնարկելու պարտադրման պահանջ հիմնադրամին ներկայացվել է 2016 թվականին՝ հարուցված վարչական վարույթի շրջանակում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի համապատասխան գրությամբ առաջարկվել է «Գաֆեսճեան արվեստի կենտրոնին» սեղմ ժամկետում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել կառուցապատման համար նախատեսված վայրում մասնագիտական ուսումնասիրություններ կատարելու և ըստ անհրաժեշտության համապատասխան կանխարգելիչ քայլեր իրականացնելու համար։

Բայց քաղաքային իշխանությունների պարտադրանքը, ինչպես պարզվում է, որևէ ազդեցություն չի ունեցել կառուցապատողի վրա, համենայն դեպս որևէ աշխատանք չի իրականացվել, որով կվերացվեին կամ կմեղմվեին սպառնալիքները: Այդ վտանգների մասին վերջին ահազանգը Ստեփան Ղամբարյանն արել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուներին այս տարվա գարնանը, ինչին ի պատասխան նրան տեղեկացրել են, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահի, Երևանի գլխավոր ճարտարապետի, կոմիտեի փորձագետների, «Հայնախագիծ» ԲԲԸ տնօրենի և երկրաբանի մասնակցությամբ խնդրահարույց տարածքում տեղազննում է կատարվել, որից հետո հանձնարարվել է ուսումնասիրել կառուցապատման առկա նախագիծը և տվյալ տարածքի զարգացման, բարեկարգման ուղղությամբ համապատասխան առաջարկություն ներկայացնել քաղաքաշինական խորհրդում քննարկելու համար։ Ի դեպ, այդ քննարկմանը Ստեփան Ղամբարյանը չի հրավիրվել, և նա տեղյակ չէ, թե ինչ որոշում է կայացվել իրավասուների կողմից կամ ինչ հետևություն են արել նրանք տեղազննումից հետո: Այսօր Կասկադ համալիրի վտանգավոր հատվածում որևէ շինաշխատանք չի իրականացվում, իսկ առջևում ձմեռ է, և առատ տեղումները, ձյան կուտակումները կիսախարխուլ, ճաքած կառույցների վրա կարող են արագացնել վտանգավոր զարգացումները, ինչի համար որևէ մեկը միանշանակ պատասխանատվություն չի կրի, ինչպես որ ժամանակին ճոպանուղու փլուզման համար ոչ ոք պատասխան չտվեց։

Գրիգոր Ազիզյանի դիտարկումը

LIVEnews.am-ը փորձեց Գրիգոր Ազիզյանից պարզել, թե տեղազննման ժամանակ ինչ դիրքորոշում են հայտնել Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը, ինչպես նաև ինքը՝ որպես «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն: Ըստ նրա՝ տեղազննման արդյունքում պարզվել է, որ թեև այս պահին Կասկադի խնդրահարույց հատվածում փլուզում չկա, սակայն փլուզման հավանականությունը չի բացառվում, և որքան երկար, տևական ժամանակահատված փոսորակը և մոտակա շրջակայքը բարձիթողի վիճակում մնան, այնքան այդ վտանգը կմեծանա: Իսկ ուժեղ երկրաշարժի դեպքում անգամ այսօրվա վիճակում դիտահարթակն ու փոսորակը դանդաղ գործող ռումբի ազդեցություն կարող են ունենալ: Հետևաբար հարկավոր է շուտափույթ ամրապնդման միջոցներ ձեռնարկել, ինչպես նաև լուծել այդ հատվածի վերջնական կառուցապատման հարցը: Երբեմնի նախագիծն այսօր այլևս իրատեսական չէ կյանքի կոչելը, դրա հնարավորությունը չկա, և տեղազննման ժամանակ քննարկվել է նաև մեկ այլ նախագծի գաղափարը: Բայց այսօրվա դրությամբ Կասկադ համալիրն ամբողջությամբ, ինչպես և չկառուցված թանգարանի տարածքը Գաֆեսճեանի ընտանիքի սեփականությունն է, ոչ ոք չի կարող հավակնել այդ տարածքում այս կամ այն ներդրումային ծրագիրն անելուն: Իսկ Քաֆեսճեաններն էլ, թերևս, սկսած նախագիծն ավարտելու հնարավորություն չունեն: Հետևաբար պետական մակարդակով պետք է հարցը լուծվի՝ բանակցությունների, գուցե փոխհատուցման միջոցներով:

Քաղաքաշինության կոմիտեն խուսափեց մեր հարցերին լիարժեք պատասխաններ տալ

Իսկ թե լքված շինհրապարակում հնչեցրած կարծիքներն ու արտահայտած գաղափարներն ինչ զարգացում են ստացել քաղաքաշինության կոմիտեում կազմակերպված քննարկման ժամանակ, հայտնի չէ նաև պարոն Ազիզյանին, քանի որ կոմիտեից նրան ևս չեն հրավիրել այդ քննարկմանը մասնակցելու: Թե ինչու, մեզ այդպես էլ կոմիտեից չպարզաբանեցին՝ խուսանավելով մեր հարցադրումից։ Ի դեպ, քննարկման ժամանակ արտահայտած ու ձևավորված տեսակետների ու նախատեսվող ծրագրերի մասին քաղշին կոմիտե ուղարկված մեր հարցերը նույնպես անպատասխան մնացին՝ հինգ օր տքնաջան մտորումներից ու մեր հարցերի համար պատասխաններ որոնելուց հետո։ Ասես բարձրագույն մաթեմատիկական հաշվարկներ պահանջող հարցեր էինք ուղարկել կառույցին։ Հատկանշական է, որ դեկտեմբերի 4-ին բոլոր կանոնների պահպանմամբ, անգամ լրագրողի ստորագրությամբ (քանի որ քաղաքաշինության կոմիտեի մամուլի քարտուղարը պնդեց, որպեսզի ստորագրությունն առկա լինի) ՀՀ քաղաքաշինության կոմիտե ուղարկված մեր հարցադրումներին միայն դեկտեմբերի 10-ին և այն էլ առավոտյան հաշված ժամերի ընթացքում խիստ մասնակի պատասխաններ հայտնվեցին․ նախորդ օրվա երեկոյան այդ պատասխանները դեռ չկային և անգամ քննարկվում էր հարցերին բանավոր պատասխանելու՝ մեզ համար նախընտրելի տարբերակը։ Փաստորեն հինգ օրվա ձգձգումը, զբաղվածությամբ արդարացումները արհեստական էին՝ գուցե անգործության, անփութության հետևանք, քանի որ պարզվեց աշխատակիցների անգործության և ստախոսության (մամուլի քարտուղարը ամեն օր այդ կամ հաջորդ օրը պատասխաններն ուղարկելու մասին խոստումներով փափուկ բարձր էր դնում լրագրողի գլխի տակ) մասին բարձրաձայնելու սպառնալիքի պայմաններում կոմիտեի աշխատակիցները կարող են այդ աշխատանքը մի քանի ժամում անել։ Եվ այդ դեպքում էլ կիսատ-պռատ։

Կոմիտեից մեզ միայն առաջին հարցի պատասխանն են ուղակել, այն էլ ոչ ամբողջական։ Պատասխանի համաձայն՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի և տեղակալի, Երևանի գլխավոր ճարտարապետի, Հայնախագիծ ԲԲԸ տնօրենի, երկրաբանի միասնական այցի շրջանակում կատարվել է տարածքի տեղազննում (վիզուալ)։ Որևէ եզրակացություն չի կազմվել։ Բանավոր նշվել է իրավիճակի պայմանական վթարավտանգավորությունը՝ պայմանավորված բնական ու տարերային երևույթների ազդեցությամբ հնարավոր վտանգների հետ։ Բացի դրանից՝ նշվել է նաև քաղաքի համար նման կարևորություն ունեցող և այցելելի տարածքի վիզուալ տևական աղտոտման փաստը։

Որպես լուծման տարբերակ է դիտարկվել սեփականատիրոջ հետ բանակցություններ վարելու հնարավորությունը, որպեսզի պարզ լինի՝ կառուցապատողն ի վիճակի՞ է բարեկարգման աշխատանքներ իրականացնել։ Եթե ոչ՝ պետք է քննարկման դրվի այդ տարածքը ներդրողի համար ընդունելի պայմաններով համայնքին վերադարձնելու կամ նոր նախագծային մոտեցման (մրցութային) տարբերակը։ Տեղեկություն, որը մենք պարզել էինք Գրիգոր Ազիզյանից։ Իսկ քաղաքային իշխանությունների և կառավարության վերջնական դիրքորոշումն այս հարցում մեզ համար այդպես էլ անհայտ մնաց։

Ցավալի է, մեր լրագրողը նախկինում էլ, հիմա էլ պարբերաբար լուսաբանել է քաղաքաշինության կոմիտեի միջոցառումները, ասուլիսները, փորձել դրական լույսի տակ ներկայացնել այդ կառույցի գործունեությունը, անդրադարձել գովելի նախաձեռնություններին, և երբ մեզ էր անհրաժշտ տեղեկություն ստանալ քաղաքաշինության կոմիտեից, պարզվեց՝ կառույցում մեր հարցերին պատասխանելու համար այնքան էլ պատրաստակամ չեն։ Իսկ դա ոչ կառուցողական մոտեցում է և բազմաթիվ հարցեր է առաջացնում կառույցի աշխատակազմի արդյունավետության վերաբերյալ։

Թագուհի Ասլանյան