Հայաստանն այսօր նման է փոթորկահույզ օվկիանոսում գտնվող փոքրիկ ու տարբեր առումներով խարխուլ մի նավի

Պողոսներն օրերս հերթական առիթն ունեցան համոզվելու, որ «թավշյա հեղափոխություն» կոչվածի արդյունքում իշխանության են եկել հիմնականում լակոտ- լուկուտները, այսինքն` գյադեքը, ստահակները:

Պատկերացրեք փոթորկահույզ օվկիանոսում գտնվող փոքրիկ ու տարբեր առումներով խարխուլ մի նավ, որի և՛ նավապետի, և՛ լոցմանի, և՛ բոցմանի, ընդհանրապես, նավի գրեթե ողջ հրամանատարական կազմի խելքը գլխին չէ, իսկ եթե ոմանք էլ խելք ունեն, ապա այդ խելքը ոչ թե նավի ու նրանում գտնվողների փրկության համար են օգտագործում, այլ… Եվ այս ամենը կարծես քիչ է, սրան էլ գումարած` նավում գտնվողների գժտությունը: Ահա այսպիսի վիճակում է հիմա Հայաստանը:

Արտաքին խնդիրներ ունեցող ցանկացած երկրում արտաքին գործերի նախարարությունն իր դերով, նշանակությամբ, կարևորությամբ, պատասխանատվությամբ, չհայտարարված կարգավիճակով գրեթե հավասարազոր է պաշտպանության նախարարությանը, և երկրի ղեկավարի հետ միասին կիսում է պետության արտաքին քաղաքականության պատասխանատվությունը:

Եթե մինչև օրերս համեմատեինք Հայաստանի Հանրապետության նախարարություններին, ապա նրանց շարքում, իհարկե, զուտ համեմատորեն, դրական առումով պետք է առանձնացնեինք արտաքին գործերի նախարարությանը, սակայն ինչպես պարզվեց օրերս, այս նախարարությունն ևս, այլ նախարարությունների նման, չի խորշում մեր հասարակության, այսինքն` ներքին լսարանի համար ստախոսությունն ու կեղծիքն օգտագործել պոպուլիստական նկատառումներով: Իհարկե, պարզ է, որ նախարարությունում ոմանք այդ առումով դասեր են քաղել հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, հետևաբար վստահ էին ու վստահ են, որ ոչ իրենց անմիջական ղեկավարության, ոչ էլ Փաշինյանի կողմից պատասխանատվության չեն ենթարկվելու: Ինչ վերաբերվում է ամոթին և ամաչելուն, ապա այդպիսինների պարագայում դրանց մասին խոսելը պարզապես ծիծաղելի է:

Ինչպես արդեն հայտնի է, 2019 թ. դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Բրատիսլավայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների այս տարվա թվով հինգերորդ հանդիպումը: Հաջորդ օրը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ ունենալով ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին, անդրադարձել է նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը և Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշմանը:

Նախարարի ելույթից որոշ ժամանակ անց ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակվեցին նախարարի ելույթի անգլերեն (գրավոր), ինչպես ռուսերեն և հայերեն թարգմանությունները:

Զոհրաբ Մնացականյանի ելույթի հայերեն թարգմանության մեջ տեղ են գտել նախադասություններ և արտահայտություններ, որոնք չկան նախարարի ինչպես բանավոր, այնպես էլ կայքում հրապարակված անգլերեն ու դրան համարժեք ռուսերեն շարադրանքներում: «Ադեկվատ» կուսակցության հիմնադիր-նախագահ Արթուր Դանիելյանն առաջինը նկատելով դա, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իսկ հիմա դեսերտը՝ ՀՀ ԱԳՆ կեղծել է պաշտոնական հայտարարությունը: Հայերեն նրանք տվել են մի տեքստ որտեղ շատ ռազմահայրենասիրորեն նշում են, որ «Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը»: Իսկ անգլերեն տարբերակում, այսինքն օրիգինալում նման բառեր չկան: Հետևությունները թողնեմ ձեզ»:

Նախարարի ելույթի 5-րդ կետում մասնավորապես նշված է. “Fifth, peaceful settlement cannot take place in an environment of tensions and risks of escalation. Therefore the 1994 and 1995 ceasefire agreements concluded between Azerbaijan, Nagorno Karabakh and Armenia should be strictly adhered to and strengthened. Risk reduction mechanisms, including the OSCE mechanisms investigating ceasefire violations and monitoring ceasefire regime, including by way of expanding the office of the PRCiO should be implemented”:

Մինչդեռ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում նշված հայտարարության հայերեն թարգմանության մեջ նախարարի ելույթի տվյալ հատվածը հետևյալ շարադրանքն ուներ. «Հինգերորդ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի։ Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ Խաղաղ կարգավորումը չի կարող ընթանալ լարվածության և ռիսկերի էսկալացիայի միջավայրում։ Հետևապես, Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1994թ. և 1995թթ. զինադադարի համաձայնագրերը պետք է խստագույնս պահպանվեն և ամրապնդվեն։ Ռիսկերի նվազեցման մեխանիզմները պետք է ներդրվեն, այդ թվում հրադադարի խախտումները հետաքննող և հրադադարի ռեժիմի մոնիտորինգի ԵԱՀԿ մեխանիզմները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման միջոցով» (ընդգծումը` մերը)։

Ակնհայտ է, որ նախարարն իր ելույթում աշխատելով այն հնարավորինս մեղմ ու հաճո ներկայացնել իր ադրբեջանցի գործընկերոջը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և այլոց, իրականում չի ասել այն, ինչ առկա է նախարարության պաշտոնական կայքում զետեղված նախարարի ելույթի հայերեն թարգմանության վերն ընդգծված հատվածում, մինչդեռ այդ մտքերը, հայտարարությունները կարևոր նշանակություն ունեն հակամարտության կարգավորման գործում:

Արթուր Դանիելյանի կողմից Զոհրաբ Մնացականյանի ելույթի բնօրինակի և հայերեն թարգմանության միջև առկա հակասության մասին հրապարակումից և դրանով սկիզբ առած սկանդալից հետո ՀՀ արտգործնախարարությունը հայերեն թարգմանության շարադրանքն արդեն խմբագրել է, սակայն փորձելով նշված հակասության համար բացատրություն գտնել ու ներկայացնել, դիմել է ստի ու կեղծիքի, այն էլ` շատ ապաշնորհ կերպով: Ահավասիկ. «Եղել է վրիպակ թարգմանության ժամանակ, որը նկատելուն պես հեռացվել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի ելույթի անգլերեն և հայերեն շարադրանքներում առկա անհամապատասխանությանը, ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը: Վերջինս հայտնել է նաև, որ «Ելույթը եղել է անգլերեն, օրիգինալն անգլերենն է»:

Կատարվածը վրիպակով բացատրելը նույնիսկ ավելին է, քան զավեշտը: Վերոնշյալ անհամապատասխանությունը ո՛չ վրիպակի հետևանք է, որը կարող է լինել թարգմանության շարադրանքում բնօրինակի համեմատ մեկ կամ մի քանի բառերի բացթողում, բառի կամ բառերի մեջ տառի, տառերի բացթողում կամ ավելորդ տառի (տառերի) առկայություն, ո՛չ էլ նույնիսկ թարգմանական սխալի հետևանք, այլ ելույթի հայերեն տարբերակում կամ թարգմանության մեջ այնպիսի մտքերի, հայտարարությունների միտումնավոր ներմուծում, որոնք նախարարի ելույթում ու դրա անգլերեն բնօրինակում պարզապես չկան:

Նկատի ունենանք, որ այս ամենին հետևում ու տեղյակ են նաև արտաքին աշխարհում, իսկ թե դրսում ինչ կմտածեն և ինչպես կվարվեն ՀՀ արտաքին գործերի նախարարության, նախարարի և Հայաստանի հետ, ինքներդ մտածեք:

Արթուր Հովհաննիսյան