«Իմ հայկական անունը Միքայել է». Ռուսաստանի Առաջին ալիքը Էրմիտաժի տնօրենի մասին ֆիլմ է նկարել (տեսանյութ)

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին դառնում է 75 տարեկան։ Ռուսաստանի Առաջին ալիքը վավերագրական ֆիլմ է նկարել՝ «Խրանիտել» («Պահապանը»):

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Երևանում, որտեղ 1944 թվականին ծնվել է անվանի ակադեմիկոսը՝ Լենինգրադից Երևան տեղափոխված հնագետ Բորիս Պիոտրովսկու և հայուհի Հռիփսիմե Ջանփոլադյան-Պիոտրովսկու ընտանիքում:

Ֆիլմում նա պատմել է իր ծննդավայրի, ընտանիքի մասին, որում կային մտավորականության միանգամից մի քանի ներկայացուցիչներ: Պիոտրովսկու հետ նկարահանող խումբը զբոսնել է նաև Հյուսիսային պողոտայում:

«Իմ հայկական անունը Միքայել էր: Ռուսաստանում ես գրանցվել էի այդ էկզոտիկ անունով, բայց քանի որ դա նույն անունն է, ինչ Միխայիլը՝ այն թարգմանեցին»,- պատմել է Պիոտրովսկին:

Էրմիտաժի տնօրենը ցույց է տվել այն շենքը, որում նա ծնվել է, և որտեղ տեղադրված է իր հոր՝ երևելի հնագետ Բորիս Պիոտրովսկու հուշատախտակը:

«Իմ երակներով 3 արյուն է հոսում՝ ռուսական, հայկական և լեհական: Իմ ազգությունը շատ պարզ է. տոհմական ռուս ազնվական՝ երեք արյունով:  Ուստի երբ ես այստեղ եմ, ես ռուս «շովինիստ» եմ, երբ Ռուսաստանում եմ՝ հայ և լեհ «շովինիստ» եմ, երբ Լեհաստանում եմ՝ ռուս և հայ «շովինիստ»,- նշել է Պիոտրովսկին: