Հյուսիսատլանտյան դաշինք. լինե՞լ, թե չլինել…

Դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդները հավաքվել էին Լոնդոնի մերձակայքում գտնվող գոլֆ կուրորտում՝ «նույնիսկ Թրամփի դարաշրջանի չափանիշներով հուսահատություն առաջացնող» գագաթնաժողովի համար, նպատակ ունենալով լուծել Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում ծախսերի շուրջ տարաձայնությունները, ապագա «սպառնալիքները», այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի կողմից, ինչպես նաև ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերի մասին, հայտնում է բրիտանական Reuters գործակալությունը Ուոթֆորդ քաղաքից: «Շատ կարևոր է, որ դաշինքը միասնական մնա»,- լրագրողներին հայտարարել է գագաթնաժողովի ղեկավար, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ նկատի ունենալով տարաձայնությունները ՆԱՏՕ-ի ներսում՝ կապված վերջերս Հյուսիսային Սիրիա Թուրքիայի ներխուժման հետ, չնայած Անկարայի դաշնակիցների առարկություններին:

Նախօրեին՝ գագաթնաժողովի առաջին օրը, այս տարի իր 70-ամյակը նշող դաշինքի 29 անդամ երկրների նախագահներն ու կառավարությունների ղեկավարները, անց են կացրել նախնական երկկողմ հանդիպումներ Լոնդոնում, որոնց ընթացքում կրկին տարաձայնություններ են առաջացել, մասնավորապես՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների միջև։ Ամերիկյան գործընկերոջ հետ հանդիպումից հետո Ելիսեյան պալատի տերը Twitter-ի իր անձնական էջից հայտարարել է, որ երկու երկրների առաջնորդների համար կարևոր է բացահայտորեն քննարկել խնդիրները և գտնել նրանց լուծումը: «ՆԱՏՕ-ի մասին իմ հայտարարությունները որոշակի արձագանք են առաջացրել: Ես դրանցից չեմ հրաժարվում,- գրել է Մակրոնը:- Սա այն բեռն է, որը մենք կիսում ենք. մենք չենք կարող ներդնել և վճարել մեր զինվորների կյանքը` չգիտակցելով այն հիմքերը, թե ինչպիսին պետք է լինի ՆԱՏՕ-ն»:

Ֆրանսիայի նախագահի հիմնական գանգատներից մեկն այն է, որ Թուրքիան՝ 1952 թվականից ՆԱՏՕ-ի անդամը և Մերձավոր Արևելքում Արևմուտքի կարևորագույն դաշնակիցը, գնալով ավելի ու ավելի մեկուսացված է գործում իր դաշնակիցներից՝ ներխուժելով Սիրիա, «ձեռք բարձրացնելով» «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Սիրիայում գտնվող ամերիկյան դաշնակցի վրա՝ ի դեմս քրդական «ժողովրդական ինքնապաշտպանության ստորաբաժանումների» և Ռուսաստանից գնելով Ս-400 զենիթահրթիռային համակարգեր։ Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լոնդոնի մերձակա գագաթնաժողովում ունի իր փաստարկները, որոնցով նա փորձում է ոչ միայն զսպել այս դաշինքում գործընկերների կողմից կոշտ քննադատությունը, այլև «հարձակվել» նրանց վրա՝ նախատելով, որ հրաժարվում են դաշնակցային պարտավորություններից՝ սատարել Անկարային ՆԱՏՕ-ի Մերձավոր Արևելքի  ճակատում ահաբեկչության դեմ պայքարում: Թուրքիան հրաժարվում է աջակցել Բալթյան երկրների և Լեհաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի ծրագրին, որտեղ խոսվում է «ռուսական սպառնալիք»-ի մասին, եթե լրացուցիչ քաղաքական աջակցություն չստանա Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական «ժողովրդական ինքնապաշտպանության ստորաբաժանումների» դեմ պայքարում: Անկարան պահանջում է, որ ՆԱՏՕ-ն քրդական «ժողովրդական ինքնապաշտպանության ստորաբաժանումները» պաշտոնապես ճանաչի որպես «ահաբեկչական կազմակերպություն» և «սպառնալիք» ամբողջ դաշինքի համար:

Հայտնի է, որ Թրամփը դեկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացումից առաջ հայտարարել է, որ կարող է պատկերացնել Ֆրանսիայի դուրս գալը Հյուսիսատլանտյան դաշինքից, բայց Փարիզի այս քայլը «զարմանալի» կլիներ, քանի որ հենց Հինգերորդ հանրապետությունն է, որ այս ռազմական բլոկում ավելի շատ պաշտպանության կարիք ունի: Թրամփը քննադատել է Մակրոնին ՆԱՏՕ-ի վերաբերյալ իր «շատ և շատ տհաճ» մեկնաբանությունների համար ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ վարչակազմը սպառնացել է ծանր տուրքեր սահմանել ֆրանսիական էքսպորտի վրա: Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բրիտանական «The Economist» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «ՆԱՏՕ-ի ուղեղը» մեռած է: Նրա կարծիքով, դաշինքում ռազմավարական որոշումներ կայացնելու հարցում որևէ համակարգում չկա: Նա նաև ավելացրել է, որ Եվրոպան պետք է «արթնանա» և սկսի զարգացնել իր պաշտպանական ներուժը, քանի որ այն «անդունդի եզրին է»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կտրականապես համաձայն չէին դաշինքի մասին Մակրոնի գնահատականին, իսկ Լեհաստանի և Բալթյան հանրապետությունների ղեկավարները ԱՄՆ-ի հետևից քննադատել են Ֆրանսիայի նախագահին:

Սա չի նշանակում, որ Ֆրանսիայի և Թուրքիայի ջանքերով ՆԱՏՕ դաշինքը դե ֆակտո քայքայվելու է: ՆԱՏՕ-ի ինքնալուծարումը կսկսվի այն ժամանակ, երբ Թրամփը կամ ԱՄՆ  մեկ այլ նախագահ որոշում կայացնեն, որ ժամանակն է «գործի դնել» ԱՄՆ հետախուզական կազմակերպությունների զեկույցը (2000-ականների սկիզբ), որտեղ ենթադրվում էր, որ մինչև 2025-2050 թթ․ ՆԱՏՕ-ն և նույնիսկ Եվրամիությունը կարող են վերացվել: Այո, «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև առևտրային պատերազմի» սպառնալիքն ավելի է ուժեղանում: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ գագաթնակետը տեղի չի ունենա անգլիական Ուոթֆորդում, այստեղ համաձայն չենք լինի հեղինակավոր «Foreign Policy» ամսագրի ենթադրության հետ. «Ֆրանսիան և ԱՄՆ պատրաստ են խաչել թրերը»: Պատրաստ չեն․ պատրաստ էր անմոռանալի գեներալ Շառլ դը Գոլը, որն անմիջապես վտարել էր ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները Ֆրանսիայից: Իսկ այժմ տեղի է ունենում միայն տիպիկ «գզվռտոց», թե ով պետք է ավելացնի ՆԱՏՕ-ն պահելու ծախսերը:

Սերգեյ Շաքարյանց