Հայաստանի զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2018թ. արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք․ ՀՀ դատախազություն

Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2018թ. արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որից  27-ը եղել են ժամկետային զինծառայողներ, 23-ը՝ պայմանագրային զինծառայողներ, 2-ը՝ ենթասպա և 11-ը՝ սպա։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ դատախազությունը։

63 զինծառայողներից 38-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 25-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:

Դատախազությունը մասնավորապես ներկայացրել է՝

ա) Զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերն ըստ պատճառների․

7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով,
11-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով,
2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,
3-ը՝ հիվանդությունից,
1-ը՝ ականի պայթյունից,
1-ը՝ սպանության հետևանքով,
3-ը՝ դժբախտ պատահարից,
6-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից,
2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով,
2-ը՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման հետևանքով:

բ) Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 25 մահվան դեպքերն ըստ պատճառների․

11-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից,
10-ը՝ հիվանդությունից,
4-ը՝ դժբախտ պատահարներից:

Համեմատության համար դատախազությունը նշել է, որ 2017թ. ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 76 զինծառայողի մահվան դեպք, որից 56-ը՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված, 20-ը՝ վերջինիս հետ չկապված:

Համեմատական վերլուծությունը վկայում է, որ ԶՈՒ-երում մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ նվազել են 13-ով կամ 17 տոկոսով: Ընդ որում, կտրուկ՝ 18-ով կամ 32 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը:

Փոխարենը, ցավալիորեն, 2017թ. համեմատությամբ, 5-ով կամ 20 տոկոսով ավելի են զինվորական ծառայության հետ չկապված մահվան դեպքերը:

2017թ. ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան 56 դեպքերն արձանագրվել էին հետևյալ պատճառներով.

23-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով,
10-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով,
4-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,
4-ը՝ հիվանդությունից,
4-ը՝ ականի պայթյունից,
3-ը՝ սպանության հետևանքով,
4-ը՝ դժբախտ պատահարից,
4-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ:

2017թ. զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 20 մահվան դեպքերը տեղի են ունեցել հետևյալ պատճառներով.

1-ը՝ սպանության հետևանքով,
5-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից,
12-ը՝ հիվանդությունից,
2-ը՝ դժբախտ պատահարներից:

Հատկանշական է, որ 2017թ. համեմատ 2018-ին ավելի քան երեք անգամ նվազել են հրադադարի ռեժիմի խախտմամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցներից զոհվելու դեպքերը: