«Բարձրագույն կրթության և գիտության մասին» վիճահարույց նախագծում նաև այլ օրինախախտում կա

Լեզվի պետական տեսչության նախկին պետի տեղակալ, ՀԽ անդամ Մարինե Հովյանի կարծիքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նախագծում խնդրահարույց է ոչ միայն հայոց լեզուն և հայոց պատմությունը բուհական պարտադիր առարկաներից բացառելը, այլև ինչ-ինչ առարկաներ օտար լեզուներով դասավանդելու հնարավորություն ստեղծելը, ինչը հակասում է «Լեզվի մասին» օրենքին։

Տիկին Մարինե, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որի՝ բուհական պարտադիր առարկաներից հայոց լեզուն և հայոց պատմությունը հանելու մասին պահանջը թեժ քննարկումների ու բողոքի ակցիաների պատճառ դարձավ՝ ընդհուպ մինչև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը, նաև այդ մասով հակասում է «Լեզվի մասին» օրենքին։ Օրենքի հետ այլ հակասություններ կա՞ն։

-«Լեզվի մասին» օրենքը բացառություն չի նախատեսում, իսկ օրենքի նախագծի 9-րդ հոդվածի 5-րդ կետում կարդում ենք՝ բուհերում դասավանդման լեզուն հայերենն է: Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ կարող են դասավանդվել օտար լեզվով: Իսկ 6-րդ կետում նշված է՝ բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաև՝ 1) եթե կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը ենթադրում է օտար լեզվի ուսումնառություն, 2) եթե դասընթացն իրականացվում է օտարերկրյա մասնագետի կողմից, 3) օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում, 4) օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվող կրթական ծրագրերի դեպքում։ Սա ևս օրենքի հետ ակնհայտ հակասություն է։

Թագուհի Ասլանյան