Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակը կարևորել են Արցախյան խնդրում խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը

Դեկտեմբերի 6-ին Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին:

ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության գլխավոր վարչության տեղեկացմամբ, նախարար Մնացականյանը շնորհավորել է իր սլովակ գործընկերոջը ԵԱՀԿ-ում հաջող նախագահության կապակցությամբ՝ նշելով, որ անցած մեկ տարվա ընթացքում ծավալվել է արդյունավետ համագործակցություն Սլովակիայի նախագահության առաջնայնությունների իրականացման և կազմակերպության նպատակների առաջմղման ուղղությամբ:

Նախարար Մնացականյանը Միրոսլավ Լայչակին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Հայաստանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը կարևորեցին խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը՝ այդ առնչությամբ դրական գնահատելով  Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչների միջև փոխանակման ծրագրի իրականացումը:

Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակն անդրադարձան նաև հայ-սլովակյան օրակարգի մի շարք հարցերի՝ ուրվագծելով երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը: Երկուստեք կարևորվեց տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման միջոցով: