Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք․ Միրոսլավ Լայչակ

Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք, ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը:

Ամփոփելով անցնող տարին՝ Լայչակն ընդգծել է, որ տարվա ընթացքում հակամարտությունների կարգավորմանն ուղղված երկխոսությունը կայացել է Մինսկի խմբի գործընթացի, Ժնևյան բանավեճերի և 5+2 ձևաչափի շրջանակներում:

«Մենք փորձել ենք այս պլատֆորմների միջոցով ամրապնդել վստահությունը, վերացնել լարվածությունը, որպեսզի աջակցենք երկխոսությանը, բայց եթե նայենք այլ հարթությունից, պատկերը պակաս ուրախ կլինի», – ասել է նա:

Միրոսլավ Լայչակի խոսքով՝ Վրաստանում մարդիկ բախվում են հիմնական ազատությունների սահմանափակմանը, ինչպիսին է տեղաշարժման ազատությունը:

Ինչ վերաբերում է մերձդնեստրյան հակամարտության կարգավորմանը, ապա, նրա խոսքով, վերջին տարիներին ձեռք բերված առաջընթացը ենթակա է նահանջելու վտանգին:

«Ինչպես իր պաշտոնից հեռացող նախագահ, ես չունեմ կախարդական բանաձև, թե հակամարտություններն ինչ կերպ ու ընդմիշտ կարգավորենք»,- նշել է Լայչակը:

Նա ավելացրել է, որ անգնահատելի են նոր երկխոսության համար ուղիներ գտնելու ԵԱՀԿ ջանքերը։