Խելացի անասնագոմում գոմաղբի հաստությունը նույնն է, ինչ ոչխելացի անասնագոմում․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը ուշադրությունը «սևեռել էր», ինչպես ինքն էր նշում, քաղաքակրթական խնդիրների վրա։ Նա նշեց, որ մեկուկես տարվա փորձը ցույց է տալիս, որ երբ որևէ որոշում է կայացվում, որը ակնհայտորեն Հայաստանի բովանդակային վարկանիշը բարձրացնելուն  է ուղղված, պարտադիր ի հայտ են գալիս փաստարկներ, թե ի՞նչ պրոբլեմատիկ երևույթ է դա, ի՞նչ խնդիրներ և անհարմարություններ է դա առաջացնելու։

Վարչապետը բերեց պատկերավոր օրինակ․ «Երբ հայտարարում ես, որ սրանից հետո, մի տեղից մյուսը, շարժվելու ենք ոչ թե ավանակով, այլ ավտոմեքենայով, դրանից հետո, երաշխավորում եմ, վարչապետի անունով, հարյուրավոր նամակներ են գալիս, ասում են ավտոմեքեnան CO գազ է արտանետում, դա շատ լուրջ պրոբլեմ է Հայաստանի Հանրապետության համար, հաջորդը ասում են ավտոմեքենան վթարներ, խցանումներ է առաջացնում, այդիսկ պատճառով ավելի լավ է շարունակենք տեղից տեղ շարժվել և տեղափոխվել ավանակով»։ Վարչապետը նկատեց.-«Իհարկե, այդ պրոբլեմները ամբողջ աշխարհում էլ կան, և դրանք լուծում ունեն։ Լուծումը ոչ թե այն է, որ շարունակենք ավանակով քայլել, այլ օգտագործում են ինքնակառավարվող մեքենաներ, որոնք այդ խնդիրը լուծում են։ Բայց Հայաստանում իրավիճակն այլ է, երբ ասում ես՝ եկեք մեր կյանքի որակը բարձրացնենք, ասում են՝ հինն ավելի լավ է, եթե փորձ է կատարվում կյանքի որակը Հայաստանում բարձրացնել, մեկ է, մենք գլորվում ենք կրկին նույն տրամաբանության մեջ։

Փաշինյանը նշեց, որ վերջերս զրույց է ունեցել էկոնոմիկայի նախարարի և նրա տեղակալի հետ՝ կապված մեր խելացի անասնագոմերի ծրագրի հետ։ Մի քանի օր առաջ Հանրային հեռուստատեսության լուրերի թղարկումով ռեպորտաժ են ցուցադրում խելացի անասնագոմերի մասին, բայց իմ ուշադրությունը գրավեց այն փաստը, որ խելացի անասնագոմում գոմաղբի հաստությունը նույնն է, ինչ որ  ոչխելացի անասնագոմում, և կովերը նույնքան են թաղված թրիքի մեջ, որքան ոչխելացի անասնագոմերում։ Եթե կենդանին թրիքի մեջ է՝ ի՞նչ տարբերություն, խելացի՞ գոմում է, թե ոչ,- ասաց գործադիրի ղեկավարը։

Փաշինյանը բերեց ևս մի օրինակ, որը քննարկել են քաղաքապետի հետ, նա նկատեց, որ մեր երկրում կա կանխավարկած, ըստ որի աղբ տեղափոխող մեքենան պետք է կեղտոտ լինի, կողքերից, դեմից, հետևից, աղբը պիտի կախված լինի։ «Իրականում աղբ տեղափոխող մեքենան պիտի մաքուր լինի, որովհետև իր գործառույթը մաքրություն ապահովելն է, էլ չեմ խոսում աշխատողների արտահագուստի և այլնի մասին, սա շատ լուրջ հոգեբանական պահ է։ Սրանք լուրջ պրոբլեմներ են, որոնց մասին պետք է խոսել և կառավարությունը, քաղաքական ղեկավարությունը այս հարցերը պիտի դնեն մեր հանրության առաջ,-ամփոփեց Փաշինյանը։

Լուսինե Այրապետյան