«Էս խմբաքանակն էլ դուրս է գալիս ու ընդհանրապես փակում ենք էս կարգի մեքենաների ճանապարհը». վարչապետ

Կառավարության այսօրվա նիստին ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը լրացնել «թեթև մարդատար ավտոմոբիլներ» տողով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը ներկայացնելիս ասաց, որ նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան ու իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով: Նա նշեց, որ մաքսազերծելուց հետո դրանք կարող են հաշվառվել ՀՀ ոստիկանությունում ու ազատ շահագործվել ՀՀ տարածքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ իրենք ընդհանրապես արգելել էին աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը, ու ստացվել էր այնպես, որ բազմաթիվ քաղաքացիներ բերում էին ու Վրաստանի տարածքում աջակողմյանը փոխում էին ձախակողմյանի:

«Ժամանակավոր ներկրման ռեժիմով կարող են բերել, ղեկային կարգավորումը փոխել, որից հետո հաշվառվի ու թույլատրվի շահագործումը: Պետք է արձանագրենք, որ այդ ընթացքում հնարավորություն չեն ունենալու շահագործել, ու շահագործելու դեպքում տուգանքների խնդիր կբացվի: Եկեք պայմանավորվենք, որ մենք ընդառաջ ենք գնում, բայց չարաշահումների փորձ, հույս ունենք, չի լինի»,-ասաց նա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյաննն էլ նկատեց, ըստ էության, գեներացնում են վթարի պոտենցիալ օբյեկտ հանդիսացող շարժական գույքի ծավալները Հայաստանում: «Եթե մենք սերտիֆիկացիա չանենք, կպարզվի, որ վթարների մեծ քանակի պատճառն այն է, որ ղեկի տեղափոխությունն արվել է ոչ պրոֆեսիոնալ ձևով»,-ասաց նա:

Արձագանքելով՝ վարչապետը նշեց. «Եկեք պայմանավորվենք, որ էս խմբաքանակն էլ դուրս է գալիս, ու ընդհանրապես փակում ենք էս կարգի մեքենաների ճանապարհը»:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ հավելեց, որ նախորդ տարվա վերջում էլ էին նման քննարկում արել ու ասել, որ սա էլ են անում ու վերջ, բայց հիմա էլի վերադարձել են: Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Այսինքն` հիմա պարզ-պրիմիտիվ հարց են դնում՝ ասում են՝ Վրաստանի արհեստավորն էդքան փող ա աշխատում, մեր արհեստավորին չե՞ք թողում աշխատի: Հիմա մենք որոշումը, փաստորեն, կիսատ ենք կայացրել ու փողը Հայաստանից տեղափոխել ենք ուրիշ երկիր, վատ որոշում ենք կայացրել»,-ասաց վարչապետը և կոչ արեց կոնկրետ ամսաթիվ որոշել, թե երբվանից են արգելում անգամ փոխված ղեկով մեքենաների ներկրումը ու այլևս նոր նախաձեռնություն չբերել:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ իր տպավորությունն այն է, որ ծնունդով աջակողմյան մեքենա չեն կարողանալու ներմուծել: «Ես այդպես էի հասկացել, բայց ստացվում է, որ ունենք մի իրավիճակ, որ կարող ենք ընդունել, եթե մեր երկրից դուրս է փոխվել ղեկը: Ես կարծում եմ, որ պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ փոխված ղեկով չլինեն շահագործման»,-ասաց:

Վարչապետը նշեց, որ VIN  կոդով պետք է պարզել աջակողմյան է, թե ձախակողմյան է մեքենան և կոչ արեց ընդհատել քննարկումը և պարզել, դա հնարավոր է, թե հնարավոր չէ: Դավիթ Անանյանն ասաց, որ VIN կոդը վերծանելու հնարավորություն չունեն: Այսպիսով՝ որոշումն ընդունվեց՝ հետագայում հարցը քննարկելու պայմանավորվածությամբ: