Հայաստանում շինարարություն անել՝ նշանակում է աղբ տարածել ամենուր․ Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը խոսեց  Հայաստանում առկա  մի շարք քաղաքակրթական խնդիրների մասին, որոնցից մեկը շինարարական խնդիրն է։ Գործադիր մարմնի ղեկավարը նշեց․ «Ես այդպես էլ չեմ հասկանում՝ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունում շինարարություն անել նշանակում է աղբ տարածել ամենուր»։ Այնուհետև դիմելով քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին՝ վարչապետն ասաց, որ դեռ ամիսներ առաջ այս հարցի վերաբերյալ հանձնարարություն է տվել նրան։ Փաշինյանը զարմացավ, թե ինչո՞ւ համապատասխան տեսչությունը չի տուգանում և պատժամիջոցներ չի կիրառում այն շինարարների նկատմամբ (նրանք համատարած են Հայաստանի Հանրապետությունում․ վարչապետ), որոնք շինարարություն ասելով հասկանում են աղբ կուտակել հնարավորինս լայն շառավղով։ «Եթե կառավարություն շենքում տեղի է ունենում շինարարություն, ինչո՞ւ պիտի բոլորս քայլենք աղբի միջով»,-դժգոհեց վարչապետը՝ հավելով, որ շինարարը ամեն օր պետք է իր շուրջը մաքրի՝ աշխատանքի սկզբում և աշխատանքի վերջում։ Այս առումով քաղաքաշինության կոմիտեն շատ անելիքներ ունի, ամփոփեց Փաշինյանը։