Քննարկվել են հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամներ, ,Իմ քայլըե խմբակցության պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Միքայել Զոլյանը, Արսեն Ջուլֆալակյանը եւ Վիկտոր Ենգիբարյանը դեկտեմբերի 4-ին հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատվիրակության հետ:

Պատվիրակության այցի նպատակն է ընտրել ,Միջազգային խորհրդարանական կրթաթոշակե ծրագրի հայ կրթաթոշակակիրներին:

Բունդեսթագի մարդու իրավունքների եւ մարդասիրական օգնության հանձնաժողովի պատգամավոր Կայի Գերինգը նշել է, որ պատվիրակությունն առաջին անգամ է այցելում Հայաստան եւ արդեն հասցրել է տարբեր արդյունավետ հանդիպումներ ունենալ: Գերմանացի խորհրդարանականի տեղեկացմամբ՝ արդեն մասնակցել են ծրագրի հերթական փուլին, ընտրել Հայաստանից նոր թեկնածուների: Նա կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի կողմից փոխադարձ ծրագրի իրականացումը:

Հայ խորհրդարանականները, ողջունելով պատվիրակությանը, կարեւորել են Գերմանիայի կողմից Հայաստանում արդյունավետորեն իրականացվող կրթական ծրագրերը:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ թե՛ բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքի եւ թե՛ առանձին այցերի միջոցով հնարավոր է զարգացնել եւ խորացնել միջխորհրդարանական համագործակցությունը:

ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները հյուրերի խնդրանքով անդրադարձել են մեր երկրի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններին, խոսել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին, կարեւորել Հայաստանի քաղաքացիներին ԵՄ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի դյուրացումը:

Բունդեսթագի պատգամավորի դիտարկմամբ՝ Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարությունը Հայաստանում մեծ առաջընթաց է գրանցել: Նա ողջունել է Հայաստանի իշխանությունների՝ արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ջանքերը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը: