ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հանդիպել է Հարավային Աֆրիկայի Հանրապետության դեսպանի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը դեկտեմբերի 4-ին հանդիպել է Հայաստանում Հարավային Աֆրիկայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրե Յոհաննես Գրունեվալդի  հետ:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Լենա Նազարյանը շնորհավորել է նրան մեր երկրում դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել առաքելության ընթացքում նախատեսվող ծրագրերի իրականացման գործում:

Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մասին՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է բարեկամական խմբերի նշանակալից ներդրումն այդ գործում եւ հույս հայտնել, որ առաջիկայում երկու երկրների խորհրդարաններում կձեւավորվեն բարեկամական խմբեր:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ կնպաստի համագործակցության օրակարգի ընդլայնմանը, ջանք չի խնայի երկու երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու համար:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է փոխգործակցության որոշակի ծրագրերի մշակումն ու իրագործումը, փոխայցերի ակտիվացումը:

Քննարկվել են միջխորհրդարանական, տնտեսական կապերին, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հնարավորություններին եւ ուղիներին վերաբերող հարցեր: